Մի չոբան իր էրկու ոչխարը տանում ա բազար, որ ծախի, ամա ուշ ա տեղ հասնում՝ մուշտարի չի ճարում։
Քոռ ու փոշման ուզում ա ետ դառնա, մին էլ մի դալալ ա մոտկանում էս ոչխարների դմակն ա ձեռների միջին ծանր ու թեթև անում, կողերն ա ճմռում՝ մթամ ուզում ա առնի, դեսից-դենից լկռահաչի տալի, վերջը, թե.
— Ի՞նչ արժի քու ոչխարը։
Ոչխարի գինն էլ էդ վախտը շատ-շատ՝ իրեք-չորս մանեթ ա լինում։ Ամա չոբանը տեսնում ա, որ սա քամի փչող ա, բան առնող չի, գլխիցը ռադ անելու համար ասում ա.
— Էս ոչխարի գինը հազար մանեթ ա։
— Քու չոբան հալովը ինձ վրա ծիծաղում ե՞ս,— ասում ա դալալը,— դե հմի ծիծաղի։
Ասում ա ու մի սիլլա տալիս չոբանին։
Չոբանը ոչխարները թողած, բռնում ա էդ դալալի յախիցը, քարշ տալիս բերում քյոխվի մոտ։
— Ինչ գանգատ ունես,— հարցնում ա քյոխվեն։
Չոբանը պատմում ա, թե էսենց, էսենց բան, էս մարդը, ես անմեղ, անտեղի ինձ սիլլա ա տվել։
— Դուզ ա ասո՞ւմ էս քնձռոտ չոբանը,— հարցնում ա քյոխվեն։
— Հրամանք ես,— ասում ա դալալը ու քյոխվին աչքով անում։ Քյոխվեն հասկանում ա դալալի աչքով անելը՝ յանի դու քունը կստանաս։
Մթամ շատ ա չարանում դալալի վրա, ոտը գետնովն ա տալիս.
— Էդ արարքիդ համար,— ասում ա,— էս չոբանին, շտրաֆ պետք ա տաս. քսան կապեկ։ Էս րոպեին հանի,— ասում ա,— տուր։
— Հրամանք ես,— ասում ա դալալը,— ձեռիս չկա, գնամ տուն, բերեմ։
— Բան չկա,— ասում ա քյոխվեն,— սա կսպասի, գնա բեր։
Չոբանը հասկանում ա, որ իրան ձեռ են առնում։ Դալալի գնալուց հետո հարցնում ա.
— Պարոն քյոխվա,— ասում ա,— ուրեմս, մարդի էրեսին սիլլա խփելը քսան կոպեկ արժի՞։
— Հա, էդպես ա օրենքը,— պատասխանում ա քյոխվեն։
— Մեռնեմ օրենքին,— ասում ա չոբանը, մի սիլլա տալիս քյոխվին, դալալը քսան կոպեկը որ բերի,— ասում ա,— քեզ թող լինի։ Ես վռազ եմ, գնացի։
Մինչի քյոխվեն՝ ուշքի ա գալի, չոբանը փախչում, գնում ա։
* * *
Ախ, ո՞ւր էր թե կաշառակեր դատավորը միշտ իրա փայ սիլլեն ուտեր։