Sidebar

Լավություն արա ու ջուրը գցի

Մի շատ աղքատ մարդ ա լինում: Սրա ունեցած-չունեցածը մի կնիկ ու մի տուն էրեխեք են լինում: Ամեն օր գնում ա, ման գալի, որ մի աշխատանք գտնի:

Մի օր մի մարդ ա պատահում, ասում ա.

— Էդ ո՞ւր ես գնում:

Ասում ա.

— Աղքատ մարդ եմ, գնում եմ մի գործ ճարեմ:

Ասում ա.

— Արի ինձ հետ գնանք ձուկ բռնենք:

Էս աղքատը դրա հետ գնում ա ձուկն են բռնում, էդ իրիկուն բոլ ձուկ ա բերում տուն, էրեխեքը լավ ուտում են:

Էգսի օրն էլ ետ իրար հետ գնում են ձուկ բռնելու:

Թոռչին ասում ա.

 

— Էրեգ տեսա՞ր ես ոնց թոռը գցեցի:

Ասում ա.

— Հա:

Ասում ա.

—- Դե առ էսօր էլ դու գցի, էսօր քու հերթն ա, մի օր դու գցի, մի օր ես:
Էս աղքատը թոռը գցում ա թե չէ, մի սիրուն, պուճուր ձուկն ա բռնում. «Էս պուճուր ձկան մալիաթը ի՞նչ ա: Մեղք ա,— ասում ա,— բաց թողնեմ գնա, իր արևին ձեն տա«,— ասում ա ու ձուկը գցում ջուրը:

Թոռչին էս որ տեսնում ա՝ կատաղում ա.

— Էդ ինչի՞ ձկանը ետ ջուրը գցիր, ես քեզ բերել եմ ձուկ բռնե՞ս, թե ձկների հետ խաղ անես: Թոռը վեր դիր, կորի էս տեղից, էլ աչքիս չերևաս:

Էս աղքատը քոռ ու փոշման գնում ա թոռչու մոտիցը, բալի էլի մի աշխատանք ճարի: Դարդակալած, գլուխը կախ գնալիս ա լինում, մին էլ տեսնում ա, (դուշմանս չտեսնի) մի ուշաբ մի կով առաջն արած, կանգնեց, ասում ա.

— Էս ո՞ւր ես գնում:

Ասում ա.

— Աղքատ մարդ եմ, հինգ-վեց քորփա էրեխա ունեմ, հացի կարոտ եմ, գնում եմ մի գործ ճարեմ, աշխատանք անեմ, էրեխանցս մի հանգով պահեմ:

Ուշաբը ասում ա.

— Էս կովը օրեկան մի մեծ կովկիթ լիքը կաթն ա տալիս, առ տամ, կթի թող երեխեքդ ուտեն մինչև մի տարի: Տարին որ թամամի, ես կգամ քեզ հարց կտամ, թե պատասխանը տվիր, կովը կթողնեմ քեզ, թե հու չէ, կուտեմ քեզ:

Էս մարդը ընկնում ա մտքի մեջ, տանի, թե՞ չտանի: Մեկ էլ ասում ա. «Ջհանդամը, հլա մի տարի էրեխեքս լավ կապրեն, մինչև տարին թամամիլը կամ կովը կսատկի, կամ կովատերը:

Կովը բերում ա տուն, կնիկը, էրեխեքը ուրախանում են, կովի ճակատը պաչում-պաչպչում, կանաչ խոտ են քաղում, դնում կովի առաջին: Մարդը կնկանը ասում ա.

— Ախչի, արի կովը կթի:

Կնիկը մի պղինձ ա բերում, կթում, պղինձը լցվում ա, համա կաթը գալիս ա ու գալիս: Մարդը տանում ա պղինձը դարտակում, բերում կթում են, էլի ա լցվում: Սրանք մնում են զարմացած. իրեք հետ պղինձը լցվում ա: Էս կովը օրեկան իրեք պղինձ կաթն ա տալիս:

Էրեխեքը բոլ-բոլ կաթը, մածունը, կարագը ուտում են, ավելացածն էլ ծախում:

Թե ժամանակը ոնց ա անց կենում, իրենք էլ գլխի չեն ընկնում: Տարին որ թամամում ա, մարդը կնկանը ասում ա.

— Բա իսկի միտք ես անում, որ ուշաբի գալու օրն ա էսօր:

Դրանք էդ օրը բոլորը սգի մեջ են լինում: Յարաբ ուշաբը ի՞նչ տի հարցնի: Ինքը ո՞նց կարա նրա պատասխանը տա: Իրիկունը մի մարդ ա գալի դրանց տունը.

— Ղոնախ չեք ընդունի՞:

— Ղոնախն աստծունն ա,— ասում են,— ամա ախպեր ջան, էսենց, էսենց, էսենց բան ա պատահել, էսօր ուշաբը պետք ա գա մեզ կուլ տա, դու ինչի մեզ հետ գնաս` կորչես, գնա ոտիշ տեղ ղոնախ ընկի:

Էս մարդն ասում ա,

— Բան չկա, ինձ դռան տակին մի տեղ տվեք, ես նրա հարցերին կպատասխանեմ:

Էս մարդու հետ նստում, հաց են ուտում: Քնելու վախտը ղոնախն ասում ա.

— Իմ տեղը դռան տակին գցեցեք:

Ասում են.

— Չէ ախպեր ջան, ղոնախ մարդ ես, ո՞նց կլի որ դռան տակին քնես:

Ասում ա.

— Չէ, դռան տակին գցեցեք, որ ուշաբը հարց տա թե չէ, ես շուտ լսեմ, ձեռաց պատասխանեմ: Սրա տեղը դռան տակին գցում են՝ էնտեղ էլ քնում ա:

Գիշերվա մի վախտը ուշաբը գալիս ա դուռը թակում ա:

Ղոնախն ասում ա.

— Էդ ո՞վ ա:

Ասում ա.

— Ուշաբն եմ, էկել եմ:

Սա ասում ա.

— Ես էլ եմ էկել:

Ուշաբն ասում ա.

— Դու որտեղի՞ց ես էկել:

Ղոնախն ասում ա.

— Յոթ ծովի էն կողմիցն եմ էկել:

Ուշաբն ասում ա.

— Հալբաթ ծովը պուճուր էր:

Ղոնախն ասում ա.

— Ի՞նչ պուճուր, տնաքանդ, արծիվը մի ամսումը հազիվ մի ծերիցը մեկել ծերը թռչի:

Ուշաբն ասում ա.

— Բալքի էդ արծիվը պուճուր ա էլել:

Ղոնախն ասում ա.

— Ա տնաքանդ, ի՞նչ պուճուր, ամեն մի թևը մի քաղաք կծածկի:

Ուշաբն ասում ա.

— Բալի քաղաքն ա պուճու՞ր էլել:

Ղոնախն ասում ա.

— Չէ, տնաշեն, մի լավ, քու հավան կացած ձին մի ամսումը հազիվ էդ քաղաքի չորս կողմը պտիտ գա:

Ուշաբն ասում ա.

— Բալի ձին քուռա՞կ ա էլել:

Ղոնախն ասում ա.

— Չէ, ի՞նչ քուռակ, յոթ հարիր տղամարդ նրա սանձը չեն կարում բռնել:

Ուշաբն ասում ա.

— Բալի էդ մարդիկ էրեխե՞ք են էլել:

Ղոնախն ասում ա.

— Չէ, ի՞նչ էրեխեք, աքլորը ոտների տակին որ կանչում ա, իրանք իմանում չեն:

Ուշաբն ասում ա.

— Բալի էդ մարդիկ քա՞ռ են էլել:

Ղոնախն ասում ա.

— Ի՞նչ քառ, պախրեն քոլումը փռշտում ա, նրանք ձենը իմանում են:

Ուշաբը էլ չի կարում բան ասի, տեսնում ա, որ կոտր ընկավ, թողնում ա գնում, կովը մնում ա աղքատին:

Լիսանում ա թե չէ, ղոնախն ասում ա.

— Դե մնացեք բարի, ես գնացի:

Ասում ա.

— Ախպեր, դու ո՞վ ես, ասա, որ մենք քու լավութենի փոխը ետ տանք:

Ասում ա.

— Ես էն ձուկն եմ, որ բռնեցիր ու էլ ետ ջուրը գցեցիր... Դրա համար եմ ասել լավություն արա, գցի ջուրը, թե ջուրը չիմանա՝ ձուկը հո կիմանա:

 

Սուրեն Քոչարյանի մշակմամբ «ԱՐԵՎ» հայկական ժողովրդական հեքիաթների ժողովածու