Աշխատանքային օրը ավարտվեց
— Կարծես թե գնացին, և շքամուտքի դուռն էլ կողպեցին։
Կարող էս հայտատարել բոլոր մատիտներին, որ հավաքվեն բաժնի վարիչի սեղանի վրա, և զգուշացրու, որ անխտիր ներկայանան, քանի որ շատ հետաքրքիր ու կարևոր հանդիպում պետք է լինի, — կարգադրեց հնաոճ արտաքինով տարեց մատիտը:
Շատ չանցած նախագծային գրասենյակի բոլոր մատիտները հավաքվեցին սպիտակ թղթով ծածկված սեղանի վրա, որտեղ իրենց տերերը ընդմիջման ժամանակ ուտում էին ու զրուցում:
Տարեց, հնաոճ մատիտը, որին բոլորը հարգանքով «հայրիկ» էին անվանում, ոտքի ելավ ու ձեռքը բարձրացնելով խոսեց, ասելով.
— Եղբայրներ, նախ զգուշացնեմ, որ անցյալ հավաքույթից հետո, մեր անփութության պատճառով մատիտահետքեր էին մնացել սեղանի վրա, և կասկածի տեղիք տվեց մեր տերերին, որ իրենց բացակայության ժամանակ այստեղ անց ու դարձ է լինում, այժմ զգույշ եղե՛ք և ոտքերով մի քստքստացրեք թղթի վրա, որ գծեր չառաջանան, իսկ վերջում դու՝ «կարճլիկ», կկանչես մեր բարեկամ ռետինին, որ կեղտոտված բծերը մաքրի։
Եվ այսպես անցնենք բուն նյութին, ինչի համար որ հավաքվել ենք։ Չնայած ես թոշակի եմ անցել, և այժմ հազվագյուտ են ինձ օգտագործում, բայց ձեր բոլոր նեղություններին տեղյակ եմ ու գիտեմ, որ աշխատանքը դժվարացել է ու դուք հալումաշ էք եղել, և մեզանից շատերի կյանքը այնքան կարճացավ, որ աղբարկղ նետեցին։ Եթե այսպես շարունակվի, ապա շուտով մեր հետքն էլ չի մնա այս սենյակի թղթերի վրա։ Ես շատ մատիտների սերունդներ եմ տեսել, որովհետև իմ տերը դեռ վերջին պատերազմից է ինձ պահում, թե որպես հիշողություն, թե որպես «քիմիական» հազվագյուտ մատիտ չջընջվող հետքր թողնելու համար։ Բայց կարող եմ վկայել, որ այժմ մենք ապրում ենք անհանգիստ ու խառը ժամանակներում, մեզանից յուրաքանչյուրը չի կարողանում վստահություն ունենալ վաղվա օրվա վրա։ Եկեք խելք-խելքի, այսինքն գլուխ-գլխի տանք, որպեսզի որոշենք մեր հետագա անելիքը։ Ով առաջարկություն ունի, կարող է խոսել։ Դեռ տարեց մատիտը չվերջացրած, իսկույն ոտքի ցատկեց կրծմծած գըլխով մի անհրապույր մատիտ և սկսեց ճղճղալ սուր ձայնով.
— Հարգելի աշխատակիցներ, խնդրում եմ ինձ ներել տգեղ արտաքինիս համար, քանի որ իմ տերը բարկացկոտ անձնավորություն է և հաճախ աշխատելու ժամանակ դժվարության հանդիպելիս զայրացած կծում է գլուխս, այդ պատճառով ես նրա նման ջղային եմ դարձել։ Ի՞նչ էի ուզում ասել, հա՛, հիշեցի, մարդիկ, որոնց մենք ծառայում ենք, նրանք շատ են փոխվել։ Օրինակ, իմ տերը առաջ շատ հազվագյուտ էր կծում գլուխս, բայց վերջերս զայրացած անընդհատ ցավեցնում է ինձ։ Չեմ հասկանում, ինչ է պատահել նրան, եթե ձեր հետ էլ է նույնը կատարվում, ասեք բոլորիս։
— Այո՜, ճիշտ է ասում, — խոսեց բարալիկ իրանով մի մատիտ, — իմ տերն էլ է դարձել անհանգիստ, իհարկե, նա սովորություն չունի գլուխս կծելու, բայց երբեմն այնքան ուժեղ է ինձ սեղմում գծագրին, որ հաճախակի քիթս կոտրվում է, ու ստիպված շուտ-շուտ սրում է։ Տեսեք, ինչքան եմ մաշվել այս մի քանի ամսվա մեջ։
— Իսկ ես զգացել եմ, որ ինձ օգտագործողի ձեռքերը սկսել են շատ դողալ, — ասաց կանաչավուն փայլով մատիտը, — առաջ էլ է այդպիսի բաներ եղել։ Երկուշաբթի օրը, երբ նա գալիս էր աշխատանքի, դեռ նախորդ օրվա հարբացությունը չանցած, բայց այժմ ամեն օր դողում են խեղճի ձեռքերը, երևի անընդհատ խմում է։
— Բայց ի՞նչ կասեք այս մասին, որ արդեն մեկ շաբաթ է իմ տերը, մի քանի խզբզոցից բացի, ոչինչ չի արել, ու մտահոգ նստած մի կետի է նայում ու աննպատակ ինձ մատերի արանքում պտտեցնում, — հարցական բոլորին նայեց կապտավուն երանգով մատիտը։
— Իմ տերը, ընդահակառակը, նույնիսկ երբեմն աշխատանքից հետո էլ մնում ու ինչ-որ բան գծագրում, կարծես օրվա աշխատանքը չի բավարարում, — ավելացրեց մեկ ուրիշը։ Հետո էլ վերջում, հոգնած ու գզգզված իր վիճակից, բարկացոտ ինձ շպրտում է ու քթի տակ ինքը իր հետ խոսելով գնում տուն։
— Լսեցեք այժմ ինձ, — ասաց ոսկեգույն գծերով մի մատիտ, — ես առաջ ծառայում էի մի տիրոջ, որ նկարիչ էր ու գեղեցի՜կ-գեղեցի՜կ շատ բաներ էինք նկարում, օրինակ, ծաղիկներ, կենդանիներ ու շատ երեխաներ, և, մի խոսքով, այնպեսի բաներ, որ ձեզանից յուրաքանչյուր կերազեր։ Բայց մի օր էլ, տարօրինակ բաներ նկարել, իսկի ինքն էլ չէր հասկանում, թե ինչ ու երբ ցուցանհանդես տարավ ու գովեցին, նա շատ հպարտացավ ուսկսեց օրեցօր ավելի քիչ նկարել, իսկ նկարած էլ նույն տարօրինակություներ էին, որոնք մարդիկ կոչում են «աբստրակցիոնիզմ»: Եվ երբ մի օր իր ընկերը ինձ տեսնելով, խնդրեց իրենից, նա էլ չմերժեց, ու ահա ես ձեզ մոտ հայտնվեցի: Միևնույնն է նա արդեն չէր կարողանում նկարել և կարծես, նրա միտքը դատարկվել էր, ու իսկապես, մարդկանց հետ ինչ-որ անհասկանալի բան է կատարվում, որ մենք չենք հասկանում :
— Բա ի՞նչ անենք, հարկավոր է նրանց օգնել, թէ չէ այդպես մենք էլ նրանց հետ կկորչենք օրեցօր մարդկանց հետ տանջվելով, — ասաց կարճլիկ մատիտը, որ բոլորին հայտնի էր «մկնիկ» անունով:
— Կարել՞ի է ես նույնպես արտահայտվեմ, — խոնարհաբար ձայն խնդրեց ռետինե գլխիկ ունեցող մի բարձրահասակ մատիտ, — ու երբ թույլ տվեցին նա շարունակեց, — Թանկագին եղբայրներ, ես համարձակվեցի խոսել, չնայած այն բանին, որ ձեզ նման շատ չեմ աշխատում, որովհետև ինձ պատրաստելիս ռետին են ավելացրել գլխիս, որ շատ հարմար է ճանապարհորդության ժամանակ: Բայց, միևնույն է, կուզենայի տեղեկացնել իմ տիրոջ հետ կատարվող հետևյալ փաստը, որը կլրացնի ձեր բոլորի ասածները: Եբ գիտեմ, որ նա ծխում է, ու ինձ քիչ տհաճություն չի պատճառում նրա նիկոտինաբույր մատների արանքում աշխատելը, բայց վերջերս ինչ-որ խաղով է տարվել, որ իրենք կոչում են «Բինգո-լոտո»: Եվ այժմ օրերով անընդհատ ծխում է ու տանը թե փողոցում անվերջ թվերի աղյուսակներ է ինձանով գրում ու ջնջում, , կամ ժամերով նստած ինչ-որ հաշվարկներ անում: Կներեք, որ այս գաղտնիքը հայտնում եմ, բայց նա հուսահատության, ավելի շատ խելագարության է հասել, որովհետև նույնիսկ գիշերները արդեն չի քնում հանգիստ, այլ շուտ-շուտ վեր է թռչում ու երազում տեսած թվերի շարքն է գրանցում, ու տառապում ողջ գիշեր անընդհատ ծխելով ու հազալով: Նրա ընտանիքի անդամները գժտվել են այս բոլորի պատճառով, բայց, նա կարծես, կախարդվել է այդ խաղով, ու ոչինչ չի ուզում լսել և երազում է շատ-շատ դրամ շահել, չնայած ընտանիլը ծայրաստիճան աղքատության է արդեն հասել ու քայքայվել: Հարկավոր է պատճառը իմանալ մարդկանց հետ կատարվող, ու եթե կարող ենք օգնել նրանց:
Երբ բոլորը խոսեցին, լռություն տիրեց սենյակում: Ոտքի կանգնեց տարեց քիմիական մատիտը.
— Հիմա նորից լսե՛ք ինձ, որովհետև բոլորդ հաստատեցիք մեզ անտանգստացնող միևնույն միտքը, և բոլորս եկանք այն եզրակացության, որ մարդկանց հետ անհասկանալի իրադարձություններ է կատարվում: Այդ է պատճառը, որ օգտվելով բացառիկ հնարավորությունից, խոսքը տալիս ենք մեր հյուրերին, մեր եղբայր գունավոր մատիտներին, որոնք բարեբախտաբարայսօր մի սենյակում են հայտնվել մեզ հետ: Բայց ավելի լավ է իրենք խոսեն և ամեն բան պահեն: Եվ երբ 7 գույները իրենց գեղեցիկ ու սլացիկ տեսքով միասին ոտքի կանգնեցին գորշ մատիտների առաջ, բոլորի շուրթերից հիացմունքի բացականչություններ լսվեցին, քանի որ նրանցից շատերը չգիտեին էլ որ գունավոր մատիտներ գոյություն ունեն աշխարհում:
Նրանից առաջինը ու երևում է, ամենահարգվածը՝ կարմիր մատիտը խոսք վերցրեց.
— Եղբայրնե՛ր, մեր սիրելի արյունակից հարազատներ, մենք շատ էինք լսել ձեր նեղությունների ու չարչարանքների ու ձեր չափազանց կարևորության մասին, և ահա այսօր մեր ականջներով լսեցինք ամեն բան ու հասկացանք, թե ինչ կարևոր գործ եք դուք կատարում մարդկության համար:
Նախ պատմեմ, թե ինչպես հայտնվեցինք այստեղ: Ձեր հետ աշխատում է մեր տերը, որը ի տարբերություն ձեր տերերի, չափազանց բարի է ու կարգ ու կանոն սիրող, և ավելին՝ նա սիրում է ու պաշտում Իր ստեղծող Տիրոջը, որին նա անվանում է Աստված կամ Հիսուս Քրիստոս է կոչում: Ամեն օր անպայման կարդում է մի գիրք, որ կոչվում է «Աստուածաշունչ» դա նրանց Սուրբ գիրքն է որտեղ ամեն ինչ գրված է մարդկանց ստեղծող Աստծո և ընդհանրապես ամբողջ աշխարհի մասին: Նա այնքան երկյուղով է դա անում, որ նույնիսկ կարդալուց առաջ գիրքը համբուրում է ու նոր կարդում: Նա 2 փոքրիկ երեխաներ ունի, այդ չարաճճի բալիկները մի օր դարակում մեզ գտան ու սկսեցին անխնա որտեղ ասես մեզանով գծեր քաշել տան պատերի վրա: Մեր տերը, երբ այդ տեսավ, ստիպված մեզ այստեղ բերեց, որպեսզի չփչացնեն բոլորովին, քանի որ նա մեզ իր հորից է ժառանգել որը նույնպես Աստվածաշունչը կարդալիս միշտ մեզանով այդ Սուրբ գրքի կարևոր նախադասություններն էր ընդգծում: Դուք բոլորդ խոսեցիք մարդկանց մեջ տեղի ունեցած տարօրինակությունների մասին, որով ավելի ու ավելի հաստատվեց մեր մեջ այն միտքը, որ նրանց «Աստվածաշնչում» գրված բոլոր խոսքերը իսկապես ճշմարտություններ են: Քան որ նրան ստեղծող Տեր Աստվածը երևում է շատ իմաստուն է, ու այդ գրվածքները կկատարվեն:
— Այ քեզ բա՜ն, ուրեմն մարդիկ էլ Տեր ունե՞ն, որ իրենցից էլ խելոք է ու իմաստուն: Ի՜նչ հետաքրքիր է, մենք էլ կարծում էինք, թե մարդկանցից ավելի խելոք ոչ ոք չկա, — այս ու այն կողմից բացականչեցին զարմացած մատիտները։
— Թույլ տվեք շարունակել, — նորից խոսեց կարմիր մատիտը, — վերջերս իմ տերը ինձանով մի նախադասություն ընդգծեց, և դա նրա վրա շատ մտածեց, որովհետև անընդհատ այդ էջին էր նայում ու աղոթում, այսինքն իրեն ստեղծող աներևույթ Աստծո հետ խոսում։
— Ի՜նչ տարօրինակ է,որ մարդիկ կարողանում են չտեսած Աստծո հետ խոսել, իսկ մենք՝ մատիտներս, մեր տեսած տերերին հետ չենք կարողանում խոսել։ Երևում է մարդկանց ստեղծող Տերը շատ-շատ խելոք է ու զարմանալի որ նրանց այդքան խելոք է ստեղծել -նորից չհամբերելով միջամտեծ գորշ մատիտները։
— Այդ նախադասությունը ես բառացի հիշում եմ, — շարունակեց կարմիր մատիտը — Եթե ուզում եք՝ կրկնեմ ձեզ համար։
— Ասա՛, ասա՛, շատ ենք ուզում լսել, թե ինչ է գրված այդ Սուրբ Գրքում բացականչեցին բոլորը միասին։
Այդ նախադասությունը հետևյալն է. «Իմացեք վերջին օրում չար ժամամանակներ պիտի գան, քանի որ մարդիկ պետք է լինեն անձնասեր, փողասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյիչ, ծնողներին անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բամբասկոտ, դաժանաբարո, բարին չսիրող, մատնիչ, հանդուգն, գոռոզ, ավելի հեշտասեր, քան աստվածասեր»։
Մեհրուժան Բաբաջանյան