Քեզ տանում է վեր ու վար՝
Ինչպես հմուտ նավավար,
Թե իր կոճակը սեղմես,
Քեզ դարձնում է նա ... ավար:
/Վերելակ/
***
Հորդ անձրև էր. նա համրացավ,
Շանթ որոտաց. նա թարմացավ,
Սիրամարգի նման փքվեց,
Իր տեսքից էլ նա զարմացավ:
/Ծիածան/
***
Հարյուր ատամ բերանին,
Իսկ բերանը՝ գերանին:
/Սղոց/
***
Վրան ձորեր, լեռ ու արտ,
Ինքը տեսքով միշտ էլ հարթ:
/Նկար/
***
Թռչունի նման
սուրում է օդում,
Կամա-ակամա
անվերջ որոտում:
/Ինքնաթիռ/
***
Ծփուն արտն է բոլորվել,
Երբ երաշտն է «խորովել»,
Փույթ չէ, նոր կյանք նա կառնի՝
Թե հնչի ժիր հորովել:
/Դաշտ/
***
Երբ առուն է բարակում,
Բոցն անտառին ճարակում,
Մրգաբեր եմ դառնում ես
Ձեր մառանի դարակում:
/Աշուն/
***
Բույնը տեսնում ենք ասես մեր ափում,
Սիրում են իրար, բարձր կափկափում,
Սիրո այնպիսի դասեր են տալիս,
Որ գարունն իրենց գալով ենք չափում:
/Արագիլներ/
***
Իր կյանքն է առնում
Նա չոր ցամաքում,
Բայց իր ողջ կյանքը
Ջրում է անցնում:
/Նավ/
***
Ես արև եմ՝
այգում թառած,
Բորբ արևի
Ոսկին առած:
/Արևածաղիկ/