Մի աղվես բռնեց վագրը մի անգամ,
Աղվեսը ասաց.- Լսիր, բարեկամ,
Տեսնում եմ դու լավ ախորժակ ունես,
Միտքդ ուրիշ է, բայց սխալվում ես,
Աստված ինձ կարգեց գազանների տեր,
Իսկ դու փորձում ես հիմա ի՞նձ ուտել,
Էլ չես ազատվի, երկինքը վկա:
Վագրը երկյուղից գույն տվեց առավ,
Սակայն աղվեսը խոսքն առաջ տարավ:
-Չես հավատում, հա՞, դե արի, եղբայր,
Այս ձորից դուրս գանք ու մտնենք անտառ,
Կտեսնես ինչպես գազաններն ամեն
Ինձնից սարսափած հեռու կփախչեն:
-Շատ լավ,- որոշեց վագրը երկյուղից,
Ու աղվեսի հետ դուրս եկավ ձորից:
Երբ գայլ ու հովազ մեր վագրին տեսան,
Գլուխներն առած սարերը փախան.
-Սխալվել եմ ես, ներիր ծառայիդ,-
Ասաց ու փախավ վագրը միամիտ:
Սա հին առակ է, բայց միտք ունի խոր`
Ուժի հետ մեկտեղ խելք է հարկավոր:
Հենրիկ Սևան