Եղեգնուտում բույն հյուսեց,
Ձու ածեց խլահավը,
Աչքը բնից երբ թարթեց,
Չտեսավ կկվի գալը:
Չուներ թիվը ձվերի,
Մոռացել էր թե հաշվեր,
Երկուսը`երեք լինի,
Կկվին ով պիտի պատժեր:
Բնում ձվել էր թաքուն,
Այդ կկու անամոթը,
Հիմա որն էր նրա ձուն,
Որն էր հալալն ու խորթը:
Տաքացնում էր ձվերը
Խլահավը իր կրծքով,
Ճեղքեց ձվի կեղևը
Կկվի ձագուկը շուտով:
Շուռումուռ էր նա գալիս,
Բույնն իրեն նեղ էր թվում,
Հավքը թևին էր տալիս,
Բնից հեռու չէր գնում:
Նայում էր նա կուրորեն,
Ոնց տեսածը չհիշեց,
Նորածինը անօրեն
Մի ձուն բնից ցած գցեց:
Երկրորդ ձուն էլ գլորեց
Նորելուկը այդ անճար,
Ինքը`փոքր, գործը չար
Տեսնես այդ երբ սովորեց:
**** ****
Թռչնակ ունեմ գեղեցիկ`
Փետուրներով հազարան,
Ձայնով քաղցր ու երգեցիկ,
Համարձակ ու անվարան:
Թռչկոտում է նա ուրախ,
Մոտենում մեր փիսիկին,
Հետո հանգիստ ու անվախ
Կանգնում շնիկիս կողքին:
Բանալիով լարում եմ,
Թռչկոտում է նա նորից,
Գիտի`իրեն նայում են,
Չի մոտենում թռչնակս ինձ:
***
ՆՈՒՌ
Իմ կեղևի ներսում
Օրերն են բոլորում,
Հատիկներիս դարսում
Տարին է կլորվում:
Կեղև ունեմ կարմիր,
Կարմիր են հատերս,
Ես միրգ եմ հատընտիր,
Գուշակիր անունս:
***
Քամու ոտքն ով տրորեց,
Որ աչքը մթնեց,
Երկինքն ասես խռովեց,
Արևը`խրտնեց:
Դիվահարի պես ելավ
Քամին աշունքվա,
Ձեռք-երեսը անլվա,
Քաղցով դեռ հերվա:
Վերևում մի ամպ գտավ,
Ուզեց տանի տուն,
Որ ստեղծի մի անկյուն,
Ամպի մեջ մտավ:
Չհանդարտվեց գիժ քամին,
Խեղճ ամպին քամեց,
Թաց հագուստները պահեց
Արևագալին...
Հասմիկ Աջամյան