Հենց որ եկավ գիժ մարտը,
Այծը գնաց իր արտը,
Մեկ էլ եկավ մի աղվես.
«Ինչ ես անում քեզ ու քեզ,
Եկ միասին վար անենք,
Արտը ցանենք ու հնձենք»:
Գործը ձեռաց կանենք կես»:
Այսպես աղվեսն ու այծը
Որոշեցին այդ հարցը,
Դարձան ընկեր ու ախպեր,
Գործին կպան անհամբեր:
Հասավ ամռան ճիշտ կեսը,
Այծն ու ճարպիկ աղվեսը
Սկսեցին գերանդով
Արտը հնձել եռանդով,
Այնպես շոգ էր, այնպես տաք,
Հողն էր այրվում ոտքի տակ:
«Աղվես եղբայր,- այծն ասաց, արտի կեսը չհնձած,-
Գնա ջուր բեր աղբյուրից,
Սիրտս վառվեց ծարավից»:
«Աչքիս վրա, խնամի,
Գնամ-բերեմ ես հիմի»,
Ասաց աղվեսն ու գնաց
Դատարկ կուժը ուսն առած:
Գնաց աղվեսն ուշացավ,
Օրը անցավ, ճաշ դարձավ,
Գործի սովոր այծն արտում
Ոնց էր իրեն կտրատում.
«Ով է տեսել էսպես գործ,
Հո երեխա չէ անփորձ,
Մի պուտ ջրի համար մարդ
Կթողնի հունձն անավարտ»:
Ճարը կտրած խեղճ այծը
Մենակ կալսեց հնձածը:
Անցավ-գնաց հինգ-վեց օր,
Ծարավ թողեց սիրտն ախպոր,
Մեկ էլ հեռվում կուժն առած
Ճարպիկ աղվեսն երևաց:
Եկավ-կանգնեց կալի մոտ,
Օրն էր պայծառ, առավոտ,
Գցեց կուժը ջրով լի.
«Վռազ բանը կտրվի»:
Այս որ տեսավ խեղճ այծը,
Ասաց. «Սա± է իմ վարձը,
Մի պուտ ջրի համար մարդ,
Գնա կորչի մի շաբաթ»:
«Տեղն է, ասա, այ ախպեր,
Գնամ ընկնեմ դաշտ ու լեռ,
Ջուր բերեմ քեզ... Չէ, մարդ չես,
Թե չէ խոսքից կամաչես»:
Երբ որ սարի վերևը
Շողաց կարմիր արևը,
Ելավ աղվեսն իր գործին,
Այսպես ասաց մայր այծին.
«Քո աչքովը դու տեսար`
Ով չափչփեց դաշտ ու սար,
Դրա համար ախպոր պես
Ցորենը ինձ, հարդը քեզ»:
«Աստված ունե±ս,- այծն ասաց
Շատ զայրացած, սրտնեղած,-
Ո±վ էր հնձողն էս արտը,
Եվ ո±ւմ մնա չոր հարդը»:
«Կուզես երդվեմ... իմ հորով,
Թող հաց չուտեմ կուշտ փորով»:
«Լավ,- հաշտվեց մայր այծը,-
Թող լինի քո ասածը»:
Երբ երեկոն կապուտակ
Աշխարհն առավ թևի տակ,
Ելավ այծը` աներկյուղ
Ճամփա ընկավ դեպի գյուղ,
Գնաց տեսավ շանը մեծ,
Գլխով անցածը պատմեց,
Վերջն էլխնդրեց շանը նա,
Որ օջախում թաք կենա:
Շունն էլ` «Թե հոգ մի անի,
Ախպերդ ամեն ինչ կանի,
Թող աղվեսը գա գյուղը,
Քթից հանեմ ես մուխը»:
Առավոտյան մութ-լուսին,
Այծը ասաց աղվեսին.
«Դե շուտ երդվիր, այ աղվես,
Որ ցորենը մնա քեզ»:
Աղվեսն իսկույն վեր թռավ,
Թաթն օջախին դեմ արավ.
«Ով դու աստված, ճիշտ դատիր,
Ինձ փորձանքից ազատիր»:
Այդ խոսքի հետ շունը մեծ
Մոխրի տակից վեր ցատկեց,
Բռնեց պոչից աղվեսի,
Դե թող հիմա բան ասի:
Ու աղվեսը հազիվհազ,
Թողած պոչը թավամազ,
Փրկեց իրեն փորձանքից,
Այ, քեզ մի դաս մեր կյանքից:
Հենրիկ Սևան