Ա՜յ փոքրիկներ, ա՜յ սիրուններ,―
Ասավ քամին տերևներին,―
Աշուն եկավ, մոտ է ձմեռ,
Ի՞նչ եք դողում ծառի ծերին։
Գույներ հագեք խայտաբղետ
Ու ճյուղերից ձեր մայրենի
Եկե՛ք ինձ հետ, փախե՛ք ինձ հետ...
Եկե՛ք տանեմ հեշտ ու անթև,
Անհետ ճամփով, անհայտ տեղեր,
Չեք իմանա այսուհետև
Էլ ինչ է դող, ինչ է ձմեռ...
Տերևները հենց լսեցին,
Նախշուն, նախշուն գույներ հագան,
Սըվսըվալով տխուր երգեր՝
Քամու թևին թռան, փախան։
Հովհաննես Թումանյան