Sidebar

ՆՈՐ ՏԱՐԻ

Շնորհավո՜ր, 
Շնորհավո՜ր, 
Շնորհավո՜ր:
Այս մի տոնին 
Ո'չ հարս է պետք, 
Ո'չ էլ քավոր:


Այս մի տոնին
Հարկավոր են՝
Խնձոր, նարինջ
Պնդուկ, չամիչ,
Խավյար մի քիչ
Եվ շոկոլադ,
Նուռ ու փշատ,

Ու մանուկներ,
Ուրախ ու շատ,
Լույսով լի, ջինջ 
Մի մեծ դահլիճ,
Մանուկների
Ծիծաղ ու ճիչ:
Այս մի տոնին հարկավուր են -
Կարմրաթուշիկ
Ձյունանուշիկ,
Նախշուն ու վառ 
Մի տոնածառ,
Ձմեռ պապի՝
Մութ անտառից,
Մեր գետապի,
Որն իր հսկա
Պարկի միջից-
Կամ էլ բըռի,
Գանգուրներին մանուկների,
Նուրբ վարսերին
Խաղաղություն խինդով սփռի: 
Այս մի տոնին 
Ո'չ հարս է պետք, 
Ո'չ էլ քավոր:
Այս մի տոնը
ՆՈՐ ՏԱՐԻՆ Է, 
Եկեք ասենք -
Շնորհավո՜ր,
Շնորհավո՜ր
Շնորհավո՜ր:

ՀԵՆՐԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ