Sidebar

Կաքավի գովքը

Արև բացվեց թուխ ամպերեն,

Կաքավ թըռավ կանաչ սարեն,
Կանաչ սարեն՝ սարի ծերեն,
Բարև բերավ ծաղիկներեն.
Սիրունի՛կ, սիրունի՛կ,
Նախշուն կաքավիկ:

Քո բուն հյուսած ծաղիկներով
Շուշան, նարգիզ, նունուֆարով,
Քո տեղ լրցված ցող ու շաղով,
Քընես-կելնես երգ ու տաղով.
Սիրունի՛կ, սիրունի՛կ,
Նախշուն կաքավիկ: 
Քո թև փափուկ ու խատուտիկ,
Պըստի կըտուց, կարմիր տոտիկ,
Կարմիր-կարմիր տոտիկներով,
Կըշորորաս ճուտիկներով.
Սիրունի՛կ, սիրունի՛կ,
Նախշուն կաքավիկ:

Երբ կըկանգնես մամռոտ քարին,
Սաղմոս կասես ծաղիկներին,
Սարեր ձորեր զվարթ կանես,
Դարդի ծովեն սիրտս կըհանես.
Սիրունի՛կ, սիրունի՛կ,
Նախշուն կաքավիկ:

1907

Հովհաննես Թումանյան