Մի հիմար և միամիտ մարդ ուներ մի դահեկան և առնելով դահեկանը գնաց քաղաք մի էշ գնելու և շրջեց քաղաքում և շուկայում և չգտավ մի դահեկանի էշ,
ապա կրկին եկավ շուկա և տեսավ մի մեծ ձմերուկ և հիացմամբ հարցրեց. «Այս ի՞նչ է»: Եվ վաճառականներն իմացան, որ նա հիմար է և ասացին, թե հնդու էշի ձու է և կհանի հնդու մեծ էշ: Եվ ուրախանալով մարդը, տվեց դահեկանը և առավ հնդու էշի ձուն: Եվ վաճառականները նրան պատվիրեցին, թե ձեռքիդ զգույշ տար, թե չէ կկոտրվի, և էշը միջից կփախչի:
Եվ ձմերուկը ձեռքին մարդն սկսեց գնալ զառիվայր ճանապարհով, և նրա ոտքը սայթաքեց,ձմերուկը ձեռքից դուրս պրծավ և գլորվեց խիտ անտառի մեջ, և անտառից մի նապաստակ վազեց և սկսեց փախչել, իսկ մարդը կարծեց, թե ձուն կոտրվել է, և ահա էշը ելել և փախչում է: Եվ հետևից վազելով կանչում էր նապաստակին և ձայն էր տալիս. «Այ հնդու էշ… վայ ինձ, մի փախչիր, քուռի, քուռի խնայիր ինձ և վերադարձիր»: