Ի՞նչ խաղալ 6-9 ամսական փոքրիկի հետ

Վեց ամսական փոքրիկներն ակնհայտ հետաքրքրություն են ցուցաբերում առարկաների նկատմամբ։

Բալիկը չի սահմանափակվում պարզապես առարկայի հատկություններն ուսումնասիրելով, նա փորձում է օգտագործել մոտակայքում գտնվող իրը։ Եթե նրա առջևում գնդակ է, ապա պետք է գլորի։ Եթե զանգ է, ուրեմն պետք է թափահարի՝ ձայնը լսելու համար։ Կարևոր է այդպիսի պահերին ցույց տալ բալիկին, թե ինչպիսի արդյունք է բխում նրա գործողություններից ու լինել ուշադիր։ 6-9 ամսական փոքրիկին առավելապես հարկավոր են խաղեր, որոնք ապահովում են շարժում, ուսումնասիրություն, կենտրոնացում։

 

Խաղ 1․ Հարուստ տուփը

Մայրիկը վերցնում է տուփ, տուփի մեջ տեղավորում տարբեր խաղալիքներ՝ խորանարդիկ, մեքենա, փայտե ֆիգուրներ։ Նախապես, իհարկե, պետք է համոզվի, որ ընտրած իրերն անվտանգ են: Այնուհետ առարկաներով լի արկղը մոտեցնում է երեխային: Նա ու բալիկը կատարելու են պարզ գործողություն՝ միասին հանելու են խաղալիքները, ապա նույնությամբ դնելու են տեղը: Սա ուղղակի գործողություն չէ: Սա միջոց է, որը նպաստում է մանր մոտորիկայի զարգացմանը:

  

 

Խաղ 2․ Նետում 

Փոքրիկները հաճախ նետում են խաղալիքները, քանի որ ցանկանում են ժամանակ անցկացնել մեծահասակի հետ: Դա խաղի հրավերի նրանց տարբերակն է: Հետևաբար պահը բաց թողնել պետք չէ:

Վերցրեք երկու խաղալիք և թելով կապեք իրար։ Նրա համար հեշտ չի լինի կապված խաղալիքը հեռու նետել, սակայն մայրիկի հետ դա կրկին ու կրկին փորձելը ծիծաղ կպարգևի մանկիկին։ Նման խաղով կօգնեք, որ երեխայի գործողությունները դառնան նպատակային։

 

 

Խաղ 3․ Նվեր

Փաթաթեք խաղալիքը մի քանի շերտ թղթով, տվեք բալիկին։ Առաջարկեք նրան բացել, պրպտել այնքան, որ գտնի թաքնված խաղալիքը։ Բնականաբար, աջակցեք նրան ու կողմնորոշեք՝ ինչպես է պետք անել դա։ Բացի հետաքրքրասիրության բավարարումը, նա կզարգացնի իր զգայական հմտությունները։

 

 

Խաղ 4․ Թունել

Փոքրիկները սիրում են սողալ հատակին, հատկապես սեղակի տակ մտնել։ Նրանց բազում չարաճճի քայլեր կարելի է վերածել օգտակար ժամանցի:

Փորձեք ձևավորել թունելի նմանվող հարմարանք, թեկուզ թափանցիկ, ոչ շատ մուգ կտորը փռել սեղանի վրա՝ ծածկելով երկու կողմը։ Հեռու տարեք աթոռները, ստեղծեք անվտանգ միջավայր, համոզվեք, որ սուր ծայրով հատվածներ չկան։  Սեղանի մյուս զուգահեռ կողմերը մնում են բաց՝ լինելով թունելի մուտքն ու ելքը։ Մի կողմում նստում եք դուք, մյուս կողմում լինում է երեխան: Փոքրիկին կանչում եք ձեզ մոտ։ Խրախուսում եք, որ նա շատ շարժվի, սողա դեպի ձեզ։ Նման խաղի միջոցով զարգացնում եք բալիկի շարժողական ակտիվությունը։

 

 

Խաղ 5․ Ձեռք 

Քնելուց առաջ փոքրիկի հետ ժամանց կազմակերպեք՝ օգտագործելով ձեռքի մատները։  Քնքուշ ձայնով կամ նույնիսկ երգելով ասեք նշված տողերը և հերթով ծալեք մատները․

Այս մատիկն ուզում է քնել (շարժում ենք ճկույթն ու ծալում),

Այս մատիկն արդեն անկողնում է (մատնեմատն է),

Այս մատիկը փակել է աչքերը (հերթը միջնամատինն է),

Այս մատիկը նոր է քնել (ցուցամատն է ծալվում),

Այս  մատիկն ամուր քնի մեջ է (բութն է),

Նրանք քեզ էլ են կանչում քնելու (մեղմ թափահարում ենք բռունցքը)։