Պատահական չէ, որ հավի միսը փոքրիկի հավելյալ սննդում առաջնային տեղ է գրավում։ Այն համարվում է դիետիկ և նրանում առկա սպիտակուցները բավականին հեշտ են յուրացվում երեխայի մարսողական համակարգի կողմից:
Սպիտակուցներից բացի, հավի միսը հարուստ է ցինկով, կալիումով, պղնձով, սելենով և երկաթով, վիտամինների կարևոր աղբյուր է, մասնավորապես՝ В1, В2, B3, В6, РР, В12։ Օրինակ՝ B3-ը մասնակցում է սրտի աշխատանքին, ստամոքսահյութի արտադրությանը և կարգավորում խոլեստերինի մակարդակը։ Երեխաների վրա դրական է ազդում նաև հավի մսի մեջ առկա տրիպտոֆան ամինաթթուն։ Վերափոխվելով սերոտոնինի՝ ունենում է հանգստացնող, թուլացնող ազդեցություն օրգանիզմի վրա։ Հարկավոր է իմանալ, որ հավի միսը չի պարունակում այն քանակությամբ ածխաջրերը, որոնք առկա են բուսական մթերքներում։ Մենք պետք է հետևենք, որ երեխայի սննդակարգը լինի ոչ միայն բազմազան, այլև հավասարակշռված: Այդ հավասարակշռությունը պահպանելու նպատակով կարող ենք վերցնել 100 գ հավի կրծքամիս, 80 գ ծաղկակաղամբ և 90 գ դդմիկ:
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը և դդմիկը մանրացնում ենք, վերածում ենք խորանարդների, իսկ ծաղկակաղամբը՝ բաժանում փոքր փնջերի։ Այս բաղադրիչների վրա լցնում ենք 300 մլ ջուր և դնում կրակի վրա։ Նվազագույնը 30 րոպե պետք է եփվեն: Դրանից հետո տաք վիճակում հարում ենք այդ բոլորն ու ստանում համեղ և օգտակար խյուսը:
Բարի ախորժակ



