Որո՞նք են ծծակի դրական ու բացասական կողմերը և մինչև ե՞րբ է պետք այն կիրառել

«Չեմ կողմնորոշվում՝ գնե՞լ փոքրիկի համար ծծակ, թե՞ ոչ»․ երբ մայրիկին մտատանջում է հետևյալ հարցը, առաջին քայլը, որ պետք է անի նա, ծծակի մասին տեղեկատվություն հավաքելն է։

Գոյություն ունեն տարբեր փաստեր, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել նախքան ծծակ գնելը, և գոյություն ունեն կարծիքներ, որոնք արժանի են անտեսման։ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ Աննա Մխիթարյանն այս մասին առավել մանրամասն պատմել է «Իմ փոքրիկ»-ին։

 

Տեսնենք՝ ինչ դրական և բացասական կողմեր ունի ծծակը  

Ծծակի առավելություններից մեկն այն է, որ նվազեցնում է նորածնային շրջանում դրսևորվող մանկական հանկարծամահության համախտանիշի ռիսկը։ Վաղ հասակի երեխաների համար, հատկապես որոշակի միջամտությունների դեպքում, ծծակն ունենում է ցավը նվազեցնող ազդեցություն, օրինակ` պատվաստման, կաթետրի տեղադրման ժամանակ և այլն։ Ծծակն օգնում է քնելու պրոցեսին` հանգստացնելով երեխային ու հարթելով լացից դեպի քուն անցումը, մեղմում է դիսկոմֆորտի զգացողությունն ինքնաթիռում գտնվելու ընթացքում։ Եվ վերջապես` ծծակն օգնում է անհաս նորածիններին արագ անցնել օրալ կերակրման, երբ հեռացվում է նազոգաստրալ զոնդը։

Բացասական կողմերն ու բարդություններն են ծծակի ազդեցությունը կրծքով կերակրման, ատամնակարիեսի զարգացման, միջին ականջի բորբոքման առաջացման վրա։ Փոքրիկների մոտ առաջ է գալիս կախվածություն, ու առանց ծծակի քնելը դառնում է անհնար։

  

Եթե որոշել եք գնել, ապա ընտրեք․․․

Ծծակ ընտրելիս պետք է վերցնել այնպիսի մոդել, որը բաղկացած է մեկ ամբողջական կտորից։ Անհրաժեշտ է բացառել այն տեսակները, որոնց ամրացված են խաղալիքներ, որովհետև խաղալիքը կարող է պոկվել ու դառնալ փոքրիկի շնչահեղձության պատճառ։ Ընդհանրապես, լատեքսի ծծակներն առավել փափուկ ու ճկուն են, սակայն հիգիենայի տեսանկյունից կարիք ունեն հաճախակի փոխարինման։

 

Հիշեցում ծնողներին

Խորհուրդ է տրվում ծծակը կիրառել կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում, իսկ ամենաուշը մեկ տարեկան հասակից հետո դադարեցնել օգտագործումը։ Որոշ երեխաներ արագ են սովորում ծծակին, իսկ մյուսները` ոչ։ Պետք չէ ամեն անգամ ծծակ առաջարկել, երբ երեխան լաց է լինում. միգուցե նա քաղցած է, ծարավ կամ որովայնի հատվածում ցավեր ունի։ Չափից դուրս հաճախակի և համառորեն ծծակի առաջարկումը կարող է այն մերժելու պատճառ հանդիսանալ։ Եթե բալիկն ի սկզբանե չի ցուցաբերում հետաքրքրություն ծծակի նկատմամբ, պետք չէ ստիպել։ Երեխայի անհանգիստ շրջանը տարիքի հետ անպայման կանցնի, իսկ կախվածությունը ծծակից կարող է դեռ երկար հետապնդել։

Մինչև 6 ամսական բալիկները չունեն սեփական ակտիվ իմունիտետ, այնպես որ հարկ կլինի պարբերաբար ախտահանել ծծակը։ 6 ամսականից բարձր երեխաների պարագայում բավարար է հոսող ջրի տակ մանկական հեղուկով լվացումը։ Չի կարելի, որ  մաքրելու նպատակով ծնողը դնի ծծակն իր բերանի մեջ։ Դա կնպաստի մեծ թվով մանրէների փոխանցմանը։ Անվտանգ կիրառումն ապահովելու համար անհրաժեշտ է պարբերաբար փոխարինել այն նորով և գնել երեխայի տարիքին համապատասխան չափսը։ Պետք է ուշադիր լինել ծծակն ամրացնելու համար նախատեսված բռնիչների նկատմամբ, քանի որ դրանք կարող են փաթաթվել վզի շուրջ ու վնաս հասցնել փոքրիկին։

 

Ի՞նչ անել, որ երեխան հրաժարվի ծծակից

Որքան էլ բարդ թվա ծծակին վարժեցնելու պրոցեսը, երբեմն նույնքան դժվար է ընթանում դրանից հրաժարման փուլը։ Որոշ մարդիկ ասում են մայրիկներին, որ ծծակի վրա կծու պղպեղ ցանեն, ծծակի հետ կապված վախեցնող պատմություններ հորինեն կամ ստիպողաբար ու բարկանալով այն երեխայի ձեռքից խլեն։ Նման մոտեցումները կարող են ավելի բարդացնել ու ձգձգել հրաժարման պրոցեսը։ Հարկավոր է կիրառել նվազ սթրեսածին մեթոդներ, ինչպիսիք են` երեխայի ուշադրության շեղումն ամեն անգամ, երբ հիշում է ծծակի մասին, երեխային գովաբանելը, նշելը, թե որքան մեծ բալիկ է արդեն ու այլևս ծծակի կարիք չունի։ Ծնողները կարող են կիրառել նաև օրացույցի մեթոդը` նշելով բոլոր օրերը, որ երեխան անցկացրել է առանց ծծակի և պարգևատրում կազմակերպել դրա համար։ Մրցանակների մեջ կարող են ընդգրկվել քնից առաջ հավելյալ 15 րոպե հեքիաթի ընթերցանությունը, միասին որևէ խաղ խաղալը, թխվածքաբլիթներ պատրաստելը։ Կարելի է ընտրել հիշարժան մի օր, ինչպիսին է, օրինակ, փոքրիկի ծննդյան տարեդարձը, երբ նա պիտի դեն նետի իր ծծակը երեկոյան ծննդյան նվերները բացելուց հետո։