Ե՞րբ տալ փոքրիկին ծամել պահանջող սնունդ և ինչու՞

Ժամանակակից բազմաթիվ հետազոտություններ սահմանում են, որ եթե ծնողները երեխային տան միայն այն սնունդը, որը ծամել չի պահանջում, կնվազի բալիկի ծամելու պատրաստակամությունը և մեկ տարեկանից հետո ծամել իմանալու հավանականությունը:

«Շենգավիթ» ԲԿ-ի նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ավագ մասնագետ Արթուր Ջանազյանն ասում է, որ ծամել պահանջող մթերքների հետ առաջին շփումը երեխան պետք է սկսի 6-9 ամսականում՝ անկախ այն հանգամանաքից՝ ունի ատամներ, թե ոչ:

Մասնագետն առաջարկում է ծամել սովորեցնելու երկու մեթոդ

✓ Ծամել պահանջող մթերքներն ավելացնել հիմնական ուտելիքին, բայց դրանով չփոխարինել հիմնական ուտելիքը, չէ՞ որ դա նոր ունակություն ու կյանքի փորձ է երեխայի համար:

Ծամելու մթերքները երեխան վերցնում է մատիկներով: Դա կարող է լինել շատ փափուկ մրգի կամ բանջարեղենի կտոր (բանան, խնձոր, եփած գազար և այլն), ջերմային մշակում անցած ձկան, մսի, կարտոֆիլի խյուսանման կտորներ: Բազմազանությունն ու քանակը պետք է ծնողն ինքը որոշի խելամտության սահմաններում՝ հաշվի առնելով նաև երեխայի հետաքրքրվածությունը:

✓ Ժամանակին և աստիճանաբար քչացնել մթերքները մանրացնելու աստիճանը՝ միասեռ խյուսից մինչև փոքր կտորներով խյուսի, դրանից հետո միայն խոշոր կտորներով խյուսի:

 

Չմոռանանք՝ կան  նշաններ, որոնք խոսում են այն մասին, որ երեխան դեռ պատրաստ չէ պինդ սննդի:

 

  1. Երեխան չի կարողանում ինքնուրույն պահել գլուխը: 
  1. Չի կարողանում նստել աթոռի վրա առանց օգնության: 
  1. Չի կարողանում սնունդը տեղափոխել բերանի խոռոչի խորքը: 
  1. Չի կարողանում գդալը շուրթերով բռնել: 
  1. Սնունդը լեզվով դուրս է հանում բերանից:

  

Աղբյուրը՝ Արթուր Ջանազյանի ֆեյսբուքյան էջ