Վարսակի շիլան ցածր կալորիականությամբ և, միևնույն ժամանակ, օգտակար տարրերով հարուստ սնունդ է փոքրիկի համար։ Նրանում կան A, B և E վիտամիններ:
B խմբի վիտամինների շնորհիվ վարսակի շիլան բարենպաստ ազդեցություն է ունենում երեխայի նյարդային համակարգի վրա: Երկաթը B խմբի վիտամինների հետ մասնակցում է արյունաստեղծմանը, ինչը կարևոր է անեմիայի կանխարգելման հարցում ու օգնում է բարձրացնել հեմոգլոբինի մակարդակը: Վիտամին E-ն բարելավում է արյան շրջանառությունը և իջեցնում արյան ճնշումը, անհրաժեշտ է հյուսվածքների վերականգնման համար, կանխում է կատարակտի առաջացումը: Վարսակի շիլայի վիտամինային ու հանքային պաշարները էական դեր են ունենում մաշկի առողջության պահպանման գործում, հնարավոր են դարձնում ալերգիայից և դերմատիտից ազատվելը: Վարսակի շիլան ակտիվացնում է նյութափոխանակությունը, ամրացնում իմունային համակարգն ու բարձրացնում դիմադրողականությունը վարակների նկատմամբ։ Օգտակար խյուս ստանալու նպատակով կարելի է վերցնել 1/2 բաժակ վարսակի փաթիլներ և մեկ փոքր դդմիկ:
Պատրաստման ընթացքը
Անպայման մաքրեք դդմիկի սերմերը և անցկացրեք այն մանր քերիչով: Կաթսայի մեջ ջուր լցրեք ու դրեք դանդաղ կրակի վրա: Երբ ջուրը հասնի եռման աստիճանի, ավելացրեք վարսակի փաթիլներն ու հինգ րոպե եփեք՝ անընդհատ խառնելով: Ապա լցրեք քերած դդմիկը: Խառնեք զանգվածը և եփեք ևս հինգ րոպե: Ստացվածը կարող եք հարել:
Բարի ախորժակ