8-9 ամսականում երեխային կարելի է առաջարկել ճագարի միս, եթե նա հասցրել է յուրացնել մրգային և բանջարեղենային խյուսերը: Ճագարի միսը պարունակում է երկաթ ու B խմբի վիտամիններ, ցինկ և վիտամին PP:
Հանդիսանում է կենդանական սպիտակուցի աղբյուր, չի ծանրաբեռնում փոքրիկի մարսողական համակարգը և չի գրգռում, խթանում է մարսողական հյութերի արտադրությունը։ Նրա վիտամիններն ակտիվացնում են նյութափոխանակության գործընթացներն օրգանիզմում։ Ճագարի մսի բաղադրության մեջ առկա կալիումը և մագնեզիումն օգնում են խուսափել սրտի աշխատանքի խանգարումներից։ Ֆոսֆորն ու կալցիումն ապահովում են ոսկրային համակարգի ու ատամների էմալի ամրությունը։ Ճագարի մսի վիտամինային և հանքային հարուստ պաշարը մեծացնում է ուղեղի բջիջների կողմից թթվածնի կլանումը, ինչն ակտիվացնում է ինտելեկտուալ գործունեությունը: Ճագարի միսն օգտագործելիս կարևոր է պահպանել չափաբաժինը, քանի որ նորմայից շատ կիրառումը կարող է փոքրիկի մոտ առաջացնել ստամոքսի ցավ: Խյուսի պատրաստման նպատակով եկեք վերցնենք 60 գ ճագարի միս և մեկ գազար:
Ինչպե՞ս պատրաստել
Լվանում եք ճագարի միսը և դնում մարմանդ կրակի վրա 10 րոպե։ Դրանից հետո կաթսայի ջուրը դատարկում եք ու ճագարի մսի վրա լցնում նոր ջուր։ Շարունակում եք եփման պրոցեսը։ Այն կարող է տևել 40 րոպեից մինչև 1,5 ժամ։ Պատրաստի միսը հանում եք արգանակից և թողնում, որ մի փոքր սառչի, ապա մանր կտրատում։ Ընթացքում օղակաձև կտրատում եք գազարը և նույնպես եփում: Տվյալ բաղադրիչները բլենդերով հարում եք միասին՝ ավելացնելով փոքր քանակությամբ ձիթապտղի ձեթ: Խյուսի խտությունը կարգավորելու համար կարող եք օգտագործել ջուր:
Բարի ախորժակ