Փոքրիկը տեսնում է վատ երազներ և տագնապած արթնանու՞մ․ հոգեբանն ասում է, թե ինչպես վարվել

Երբևէ պատահե՞լ է, որ երեխան տագնապած արթնանա գիշերը և ուշադիր շուրջը նայի, կարծես փորձի համոզվել՝ տեսածը միմիայն վատ երազ էր ու իրականության հետ որևէ աղերս չունի։ Եթե նշվածը պատահել է մեկ անգամ, նորմալ է։ Բայց եթե բազում անգամներ, ապա ծնողներն ունեն անհանգստանալու առիթ։

Հոգեբան Անի Ապիտոնյանն ասում է, որ երազները բացահայտում են անձի թաքնված զգացմունքներն ու ցանկությունները, միջոց են խնդրի համար լուծումներ փնտրելու, տեղի ունեցած իրադրության հույզերը վերապրելու։ Անհատը կարող է երազում զգալ այդ ամենը և անցնի, գնա։ Բայց երբ երազները կրկնվում են, ակնհայտ է՝ կա խնդիր, որը պահանջում է լուծում։ «Ցանկացած սթրեսածին իրավիճակ, որտեղ բալիկն ապրել է բացասական էմոցիաներ, կարող է վերածվել վատ երազի։ Փոքրիկի վախերն ու ցանկությունների չիրականացումը, կոնֆլիկտները, նրանից խաղալիք խլելը «կատարյալ» պատճառներ են։ Ընտանիքում տիրող լարված մթնոլորտը, մայրիկի ու հայրիկի վեճը, ռեժիմի խախտումը ևս էական նախադրյալներ են»,- պարզաբանում է մասնագետը։

 

 

Ինչպե՞ս օգնել երեխային

 

Մեծահասակների շրջանում տարածված ստերիոտիպային գործողությունները չեն ազդելու երեխայի վիճակի լավացման վրա։  Եթե երեխան արթնացել է ու անհանգիստ է, կարելի է ուղղակի լույսը վառել, գրկել, սեղմել սեփական մարմնին, ասել՝ «այստեղ ենք», «քեզ մոտ ենք»։ Չի կարելի շատ խոսել և անվերջ հարցեր ուղղել, երեխան դրանից ավելի շատ է լարվում, մեծահասակի անհանգստությունը փոխանցվում է նրան։  Բալիկը չի էլ կարող մանրամասն մեկնաբանել, որովհետև փոքր տարիքում դժվար են արտահայտվում, արտաբերում են մի քանի բառ, օրինակ՝ շուն, հաչալ։ Կարելի է ջուր տալ փոքրիկին, նստել մինչև նորից քուն կմտնի, պառկել նրա կողքին, հետո գնալ։ Խորհուրդ է տրվում՝ երեխան քնի հենց իր մահճակալում, պետք չէ տեղափոխել երեխային ծնողի անկողին, քանի որ դրանից կծագեն նոր խնդիրներ։ Փոքրիկը  պետք է սովորի հաղթահարել սթրեսածին իրադրությունը ծնողի օգնությամբ, սակայն իր տարածքում։ Որպեսզի երեխան խաղաղ քնի, քնից 2-3 ժամ առաջ ակտիվ գործողություններ անել պետք չէ, այլ հանգիստ խաղեր խաղալ։ Մուլտեր դիտել ևս պետք չէ, որովհետև դրանցից բալիկը կարող է ավելի ակտիվանալ, և երազներն էլ իրենց բնույթը փոխեն։ Ճիշտ է զբոսնել, լսել մեղմ երաժշտություն, մերսել, շփվել, խոսել։ 

Սրանք հիմնական, «առաջին օգնություն» հանդիսացող գործողություններն են։ Հաջորդիվ անպայման ձգտեք հասկանալ՝ ինչ պատճառով է առաջացել վատ երազը, և ցերեկվա ընթացքում աշխատեք հարցի շտկման ուղղությամբ։ Եթե խնդիրը գնալով խորանում է, և չի ստացվում երեխայի հետ համատեղ հաղթահարել, ապա հարկավոր է դիմել մասնագետի։