Ի՞նչ է Մարշալի համախտանիշը և ինչպե՞ս է բուժվում փոքրիկի դեպքում

Ներկայացնում է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբուժության 2-րդ կլինիկայի ղեկավար Մարի Դարակչյանը:

Փոքրիկը պարբերաբար ունենում է ջերմության բարձրացում, ավշային հանգույցների բորբոքում, խոցեր բերանի խոռոչում, և ծնողներին թվում է, թե գործ ունեն վիրուսային ծագման հիվանդության հետ: Այստեղ մեծ է հավանականությունը, որ փոքրիկի մոտ առկա լինի Մարշալի համախտանիշ: Մարշալի համախտանիշը  (PFAPA) պատկանում է աուտոբորբոքային հիվանդությունների խմբին և կարող է փոխանցվել ժառանգական ճանապարհով: Եթե փոքրիկի հայրը կամ մայրն ունեցել է նմանատիպ խնդիր, ապա, ամենայն հավանականությամբ, երեխայի մոտ ևս կծագի այն: Որպես կանոն, հիվանդությունն առաջանում է 2-4 տարեկանում, երբեմն՝ ավելի վաղ։ Հիվանդությունը քրոնիկ ընթացք ունի, սակայն  բարորակ է և ժամանակի ընթացքում լավացման միտում ունի,  մինչև 10 տարեկանն ինքնուրույն հետ է զարգանում:  Միայն թե որոշ երեխաների պարագայում հիվանդությունը չի անհետանում, այլ քայլ առ քայլ անցնում է դեռահասության շրջան, այնուհետ՝ առավել մեծ տարիք:

Մարշալի համախտանիշի կարևորագույն նախանշանը տենդն է, որը կտրուկ  է բարձրանում, ուղեկցվում դողով և սարսուռով, տևում 2-7 օր: Տենդին նախորդող օրը բալիկի մոտ կարող են նկատվել տրամադրության փոփոխություն, սպիտակ կամ դեղին փառ նշիկների վրա, խոցային երևույթներ բերանում: Ջերմությունը հիմնականում տատանվում է 38,5-41 ͦC-ի միջակայքում: Այս դեպքում ընդհանրապես պետք չէ ինքնուրույն հակաբիոտիկներ գնել և երեխային տալ, քանի որ հիվանդությունը չունի վիրուսային ծագում, հակաբիոտիկներով կամ տեղային կիրառման անտիսեպտիկներով բուժումը բացարձակապես ցուցված չէ և անիմաստ է: Մարշալի համախտանիշի ժամանակ առաջացող խոցերը կարծես փառակալված վերքեր են, որոնք ցավ են պատճառում, խանգարում են հեղուկ ու սնունդ ընդունելուն, տեղակայվում են ստորին շրթունքի լորձաթաղանթի վրա և այտերի ներքին լորձային մակերեսին:    Երեխայի պարանոցը շոշափելիս հնարավոր է նաև զգալ լիմֆատիկ հանգույցների մեծացումը: Բացառված չէ, որ համախտանիշն ուղեկցվի որովայնացավով, հոդացավով, փսխմամբ, փորլուծությամբ, հազով ու մաշկային ցանով: Նման ախտանշանները կարող են կրկնվել ինչպես յուրաքանչյուր ամիս, այնպես էլ 2-8 շաբաթը մեկ:

Հիվանդության ախտորոշումը կատարվում է բացառման կարգով, հարկավոր է անպայման ժխտել  մյուս պատճառները և հետո հանգել Մարշալի համախտանիշ ախտորոշմանը:  Հաստատման գործում կողմնորոշող ցուցանիշներ են անամնեզը, կրկնվող տենդը, տոնզիլիզի ու ֆարինգիտի պատկերները: Խնդրի բուժման նպատակով իրականացվում է հորմոնալ թերապիա:

  

Նյութի աղբյուրը՝ Մարի Դարակչյանի տելեգրամյան ալիք, Մուրացան համալսարանական հիվանդանոցի ֆեյսբուքյան էջ