Ներկայացնում է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Վարդինե Մեսրոպյանը:
Ամանորը տարվա գեղեցիկ և կախարդանքով լի ժամանակահատվածն է, երբ յուրաքանչյուրը սպասում է հրաշքի: Մոտավորապես մեկ տարեկանից սկսած կարելի է երեխային պատմել Ամանորի ու Ձմեռ պապիկի մասին: Նկարագրել՝ գոյություն ունի բարի պապիկ, որն ապրում է հեռավոր մի երկրում, ունի օգնականներ, որոնք մասնակցում են բալիկների երազանքներն իրականացնելու գործին: Քանի որ Ձմեռ պապիկի կերպարն ինքնին բարի ու դրական է, հնարավոր կլինի լեգենդի միջոցով բալիկի մեջ ձևավորել հոգատարություն, համբերատարություն ու սեր դեպի իր շրջապատը, սովորեցնել շնորհակալ լինել, գնահատել ունեցածը և ուրիշի արածը: Փոխանցել գաղափար, որ եթե իսկապես հավատում ու սպասում ես, Ձմեռ պապիկը գալիս է: Միևնույն ժամանակ, պետք չէ չափազանցնել և թյուր կարծիք ստեղծել, թե Ձմեռ պապիկը միայն այդ ընթացքում է անակնկալներ անում:
Սովորաբար երեխաները սկսում են Ձմեռ պապիկին չհավատալ 8 տարեկանից հետո, կասկածում են՝ հայրիկը կամ մայրիկն է պատրաստել նվերը: Ամեն ինչ կախված է ծնողի մատուցման, նախագծման ձևից ու նվերի տեսակից: Երբ դետալները հաշվարկված են, բալիկը չհավատալու խնդիր չի ունենում: Ասե՞լ ճշմարտությունը Ձմեռ պապիկի մասին, թե՞ ոչ՝ ծնողի որոշելու հարցն է: Ամեն դեպքում կյանքում դժվարությունները շատ են, երեխաների խնդիրները՝ նույնպես, նրանց այդ հեքիաթից կտրելը սխալ է: Չէ՞ որ բոլորս էլ ինչ-որ ժամանակ հույս ենք տածել՝ հիմա դուռը կթակի Ձմեռ պապիկը, ներս կմտնի կամ առավոտյան մահճակալի, տոնածառի տակ կգտնենք նվեր, որի մասին մտածել ենք ողջ գիշեր: Երեխան ընկերներից անգամ կարող է լսել, որ Ձմեռ պապիկ չկա, նեղվել ու վրդովվել: Նման պարագայում հարկավոր է զրուցել, բացատրել փոքրիկին՝ ամեն ոք ունի իր պատկերացումներն ու սպասելիքները, Ձմեռ պապիկի գոյություն չունենալը դեռ չի նշանակում՝ հրաշքներ չկան և չեն լինելու:
Իմիջայլոց, կա սխալ, որից անհրաժեշտ է խուսափել։ Երբ երեխան լավ չի պահում իրեն, ծնողը հաճախ բարկանում է ու ասում` «այս տարի Ձմեռ պապիկը քեզ նվեր չի բերի, վատ վարք ես ցուցաբերել, դպրոցում լավ չես սովորել»: Բարդույթները և չլուծված խնդիրները չի կարելի կապել Ձմեռ պապիկի թեմայի հետ և նշել, որ նա կպատժի: Ծնողը պետք է փորձի առկա խնդիրը լուծել հենց փոքրիկի հետ: Ավելին՝ դեկտեմբերի սկզբին պետք է առաջարկի բալիկին նամակ գրել, պատմել հաջողությունների, նվիրական երազանքների ու ցանկությունների մասին: Այդ հասցեագրված նամակը մանկան համար կդառնա այն ուժն ու հավատը, որն օգնելու է հաղթահարել խոչընդոտները:
Փոքրիկի համար նվեր ընտրելիս հարկավոր է վերցնել այն, ինչը կօգնի զարգանալ տվյալ տարիքում ու առաջ գնալ: Եթե երեխան թանկն է ուզում, ծնողը կարող է ասել՝ «Ձմեռ պապիկը բոլորի համար է նվերներ բերում, նա այդքան գումար չունի, արի փոխենք նվերը, նա քո ուզածը կբերի մյուս անգամ, ծննդյանդ օրը կամ այլ հարմար պահի»: Պետք է շեշտը դնել ոչ թե արժեքի և մեծության վրա, այլ մանրուքների, որոնք առավել կջերմացնեն փոքրիկների սրտերը:
Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան