Նորմա՞լ է, արդյոք, որ փոքրիկը քնից արթնանում է քրտինքի մեջ կորած

«Շատ հաճախ է պատահում, որ  փոքրիկը խորը քնի մեջ կորչում է քրտինքի մեջ»,-ասում է «Մանկան ու երեխայի առողջությունը» գրքի հեղինակ, մանկաբուժ Ջենիֆեր Շուն: Գիրքն առնչվում է մինչեւ 11 տարեկան փոքրիկների առողջությանը:

Ըստ մանկաբույժի՝ երեխաներն ավելի շատ են քրտնում գիշերը, քան մեծահասակները: Պատճառն այն է, որ փոքրիկներն ավելի շատ ժամանակ են անցկացնում խորը քնում, քան մեծահասակները: Բացի այդ, նրանց օրգանիզմի ջերմաստիճանի կարգավորման համակարգը դեռեւս լիարժեք ձեւավորված չէ, եւ քրտնագեղձերն էլ մարմնի չափսերի համեմատ շատ են:

Անգամ եթե փոքրիկն արթնանում է ամբողջովին քրտնած, պարտադիր չէ, որ նա դրանից նեղվի: Բայց եւ հաշվի առեք, որ հնարավոր է՝ փոքրիկը քրտնում է, որովհետեւ նրան չափազանց տաք հագուստ եք հագցրել կամ ծածկել եք տաք ծածկոցով:

Եկեք միասին հասկանանք, թե ինչպես է հնարավոր տարբերակել՝ երեխան քրտնում է տաք հագուստից, թե՞ պարզապես օրգանիզմը հակված է քրտնելու: Մասնագետն ասում է, որ չափից ավելի տաք հագնված կամ ծածկված փոքրիկը քրտնում է նախքան խորը քուն մտնելը:

Այսինքն՝ եթե ձեր փոքրիկը քրտնում է նախքան խորը քուն մտնելը եւ գանգատվում է, որ շոգ է, անպայման թեթեւացրեք հագուստը եւ իջեցրեք սենյակի ջերմաստիճանը: Երբեք մի ծածկեք ավելի, քան պետք է:

Գիշերային ուժեղ քրտնարտադրությունը երբեմն պայմանավորված է լինում նաեւ որոշ հիվանդություններով: Օրինակ՝ փոքրիկի օրգանիզմը, որում ինֆեկցիա կա, կարող է կրկնակի աշխատել՝ պայքարելու համար դրա դեմ, ինչի արդյունքում էլ քրտնարտադրությունը մեծանա: Հնարավոր է նաեւ քնի խանգարումը կամ ընդհատումներով շնչառությունը դառնա քրտնարտադրության պատճառ, քանի որ նրա օրգանիզմը կրկնակի ջանք է թափում  շունչ առնելու համար:

«Երեխայի քրտնարտադրության կողմնակի պատճառները բացահայտելու համար ուշադրություն դարձրեք նրա մարմնի ջերմաստիճանին, խռմփոցին, շնչարգելությանը»,-ասում է Ջենիֆեր Շուն՝ խորհուրդ տալով չանտեսել նաեւ օրվա ընթացքում երեխայի գանգատներն այն մասին, որ ինչ-որ տեղը ցավում է: