Մանուկ հասակում ունեցած վախերն անհետք չեն անցնում: Երբեմն դրանք կարող են դառնալ հոգեկան և նյարդային հիվանդությունների պատճառ, որոնք կարող են ի հայտ գալ տարիներ անց:
Ուստի կարևոր է, որ ծնողներն օգնեն երեխաներին հաղթահարել վախերը, չանտեսել դրանք, որքան էլ անկարևոր դրանք թվան:
Որտեղի՞ց են ի հայտ գալիս մանկական վախերը
Մանկական վախերի առաջացման ամենապարզ պատճառներից են իրականում տեղի ունեցող դեպքերը, որոնք տեղի են ունենում երեխայի հետ (օրինակ, վախը, որ առաջացել է շան հանկարծակի հաչոցից): Նման վախերը հոգեբաններն ամենահեշտն են վերացնում:
Ավելի բարդ է պայքարել ֆանտազիաներից առաջացող կամ մեծահասակների կողմից ներշնչվող (օրինակ, Մեշոկ պապով վախեցնելը) վախերի դեմ:
Մանկական վախերի ևս մեկ աղբյուր է ծնողների մշտական զգուշացումները հնարավոր վնասվածքների, պատահարների մասին կամ պատժի սպառնալիքները:
Մանկական վախը կարող է առաջանալ նաև ընտանեկան վեճերի պատճառով, որոնք ուղեկցվում են գոռոցներով և սպառնալիքներով:
Նման պարագայում երեխաներն իրենց թշվառ են զգում, չունեն անվտանգության և սիրված լինելու զգացումը, ինչն էլ խրոնիկական վախի պատճառ է դառնում:
Վախերի թաքնված պատճառները մինչև վերջ պարզել կարող են միայն մասնագետները: Իսկ ծնողների համար կարևոր է, որ գիտակցեն ու հաշվի առնեն վախերի առաջացմանը նպաստող գործոնները.
- Չափազանցված խնամքը,
- Մեծահասակների խոսակցությունները հիվանդությունների և դժբախտությունների մասին,
- Ընտանիքում առկա մեծ լարվածությունը և անհամերաշխությունը,
- Ծնողների անվստահությունն իրենց գործողություններում,
- Հասակակիցների հետ շփման բացակայությունը:
Ինչի՞ց են վախենում մինչև 3 տարեկան երեխաները
Մինչև 1-1,5 տարեկան երեխաները ամենից շատ վախենում են բարձր ձայներից, նրանք նաև կարող են վախենալ մենակ մնալուց կամ երկար ժամանակ մայրիկին չտեսնելուց:
Երկու տարեկանում փոքրիկի մոտ արդեն առաջանում է վախ մթությունից և մենակությունից, ցավից կամ պատժից: Այս տարիքում մանկական երևակայությունն արդեն ունակ է նրան շրջապատել մահճակալի տակ թաքնված երևակայական հրեշներով, ուրվականներով: Այս վախերը երեխայի մոտ կարող են պահպանվել մինչև կրտսեր դպրոցական տարիք:
Ինչի՞ց են վախենում 3-14 տարեկան երեխաները
- Վախենում են իրենց կամ ծնողների հիվանդանալուց, անսպասելի մահից
- Հեքիաթային սարսափազդու հերոսներից,
- Մութ սենյակից,
- Մենակությունից,
- Սարսափելի երազներից,
- Պատժից,
- Բարձրությունից, խորությունից, բնության տարերքից, նեղվածք տարածություններից,
- Ավազակների հարձակումից,կողոպուտից, հրդեհից, պատերազմից:
Կարելի՞ է արդյոք կանխել մանկական վախերը
Այո, կարելի է: Տանը կայուն և բարենպաստ մթնոլորտ ստեղծելը, երեխային շփվելու ունակություններ և զայրույթը ադեկվատ արտահայտել սովորեցնելը կօգնեն մանկական վախերը նվազագույնի հասցնել:
Նյութն ըստ mama.ru կայքի