Եթե փոքրիկը հաճույքով լողանում է վաննայի մեջ, սակայն վախենում է ջրից բաց տարածության մեջ, ապա հավանական է, որ նրան վախ է պատճառում ոչ թե ջուրը, այլ ալիքը, աղմուկը կամ քամին:
Սկզբնական շրջանում փորձեք նրան տանել ծով ավելի հանգիստ եղանակին: Շատ ծնողներ փորձում են փոքրիկին ջուրը մտցնել հաշվի չառնելով նրա լացը և գոռոցները:
Դա անել ոչ մի դեպքում չի թույլատրվում: Հնարավոր չէ փոքրիկին ազաատել վախից նրան ավելի շատ վախ պատճառելով: Այս իսկ պատճառով, եթե փոքրիկը վախենում է ջրից, ապա պետք չէ բռնի ուժով նրան ծով կամ լիճ մտցնել: Երբեմն մեծահասկներին թվում է, որ հենց փոքրիկը ջրի մեջ հայտնվի, կհասկանա, որ վախենալու ոչինչ չկա: Հիշեք Ձեր վախերը: Մի՞շտ են դրանք հիմնավորված և խելամիտ: Եթե Դուք վախենում եք սարդից, ապա արդյոք Ձեր վախը կհաղթահարվի, եթե մի մեծ սարդ դնեն Ձեր ձեռքի վրա: Եթե ոչ, ապա պատկերացրեք` ինչ կզգաք այն մարդու հանդեպ, որը Ձեզ հետ այդպես կվարվի:
Մի ճնշեք փոքրիկին: Թույլ տվեք նրան պարզապես խաղալ ջրի հետ, հետևել, թե ինչպես են այլ փոքրիկները խաղում ջրի հետ: Հնարավոր է, որ փոքրիկն ինքը ցանկանա ջուր մտնել Ձեր ձեռքը բռնած: Եթե մի րոպեից կրկին ցանկանա վերդառնալ ափ, ապա թույլ տվեք դա նրան: Փորձեք փոքրիկի վախը վերածել խաղի, օրինակ, Դուք կարող եք նրա հետ միասին փախչել մոտեցող ալիքից:
Եթե փոքրիկը հրաժարվում է մոտենալ ջրին, ապա Ձեզ հետ ծով տարեք փչվող լողավազան: Դրա մեջ ջուր լցրեք, որպեսզի փոքրիկը խաղա առանց մոտենալու ահազդու ծովին: Աստիճանաբար փոքրիկը կսովորի ջրին և պատրաստ կլինի խաղալ ափին մոտիկ:
Ծնողներից կպահանջվի համբերություն և ըմբռնողություն, որպեսզի փոքրիկին օգնեն հաղթահարել ջրի հանդեպ ունեցած վախը: Եթե փոքրիկը զգա Ձեր օգնությունը, ապա նրան ավելի հեշտ կլինի հաղթահարել յուրաքանչյուր վախ, այդ թվում նաև ջրի հանդեպ ունեցածը:
Այս թեմայով կարդացեք նաև`
Փոքրիկների վախը ջրից. լոգարանում
Նյութն ըստ 3-years.ru կայքի