Մանկական քմահաճույքներ. ինչպե՞ս պայքարել դրանց դեմ

Ինչու՞ է երեխան, ով շրջապատված է սիրով ու ջերմությամբ, ընկնում հիստերիայի մեջ: Շատ ծնողներ, չիմանալով ինչ անել, բղավում են, զայրանում կամ ճիշտ հակառակը՝ հնազանդվում երեխայի կամքին: Երկու դեպքում էլ սխալ է:

Սկսենք պատճառից.

Երեխան հիստերիայի միջոցով փորձում է կառավարել ծնողներին: Երեխաները ցանկանում են ամեն ինչ և հենց այդ պահին: Իրենց ուզածին հասնելու համար նրանք լալիս են, ոտքերով հարվածում գետնին ու պահանջում սրտի ուզածը:

Եթե ծնողները ենթարկվեն երեխայի կամքին, հիստերիայի միջոցով ուզածին հասնելը երեխայի մոտ կամրապնդվի և այն վերացնելը կդառնա շատ դժվար, եթե ոչ անհնարին:

Առաջին հերթին ծնողները պետք է լինեն հանգիստ, հոգատար, սիրող, բայց միևնույն ժամանակ խիստ: Եթե երեխան հիստեիայի մեջ է ընկնում, անհրաժեշտ է մի փոքր սպասել, երբ նա վերջապես կլռի, հետո միայն խոսել: Անհրաժեշտ է նրան շեղել հիստերիայի պատճառ դարձած առարկայից: Կարելի է նաև խիստ տոնով ասել, որ սա ոչ մի լավ բանի չի բերի, և իր վարքի համար նա կարող է զրկվել սիրելի խաղերից:

Եթե երեխան հիստերիայի մեջ է ընկնում մարդաշատ վայրում, ապա նրան հեռացրեք այդտեղից և ասեք, որ իր արարքի պատճառով դուք ամաչում եք: Կյանքի առաջին տարիներին երեխան չգիտի՝ ինչ է ամոթը: Արտահայտելով ձեր բացասական կարծիքն իր արարքի վերաբերյալ՝ դուք նրա մոտ ձևավորում եք ամոթ այդ երևույթի նկատմամբ: Դա նրան կօգնի իր հետագա կյանքի ընթացքում:

Երբ երեխան հանգիստ է, կարող եք նրա հետ քննարկել իր վարքը և  բացատրել, որ այն շատ տգեղ էր:

Ինչպես բոլոր խնդիրների դեպքում, պետք է ոչ թե փորձել վերացնել խնդիրն, այլ ի սկզբանե կանխարգելել այն: Այնպես որ, փորձեք երեխայի հետ հաստատել ընկերական, վստահելի հարաբերություններ: Հետևեք նրա առօրյային: Թույլ մի տվեք, որ նա պարապության մատնվի կամ էլ գերզբաղված լինի: Այս երկուսն էլ բացասաբար են ազդում երեխայի նյարդային համակարգի վրա:

Երեխայի շրջապատը նույնպես կարող է ազդել նրա վարքի վրա: Նրա սենյակը պետք է լինի լուսավոր, պայծառ գուներով: Երեխային զերծ պահեք չար մուլտհերոսներից: Պատմեք նրան բարի հերոսների մասին հեքիաթներ: Միացրեք հանգստացնող ու դրական երաժշտություն:

Եվ միշտ հիշեք՝ ոչինչ էլ չի ստացվի, եթե ինքներդ օրինակ չծառայեք երեխային: «Դու երբևէ տեսել ես, որ մայրիկը կամ հայրիկն այդպես անեն». սա պետք է լինի երեխային ճիշտ դաստիարակելու բանաձևերից մեկը: