Լոշտակություն, ե՞րբ և ինչպե՞ս է հնարավոր շտկել երեխայի արտաքինի հետ կապված այս խնդիրը

Հարցերին պատասխանում է  Շենգավիթ բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Լուսինե Գրիգորյանը:

 

Ինչի՞ց է առաջանում լոշտակությունը 

Լոշտակության առաջացման երկու տարբերակ կա`

1        ֆունկցիոնալ լոշտակություն, որն առաջանում է մկանի ոչ ճիշտ կպման հետևանքով:

2        բնածին, ներարգանդային կյանքում ձևավորվող լոշտակություն, երբ աճառի երկու թմբիկները չեն զարգանում, ինչի հետևանքով ականջի որոշ մասերը խախտված են լինում և փռված տեսք են ունենում ու ավելի մեծ են երևում: 

Ինչպե՞ս է շտկվում 

Շտկումը կատարվում է հիմնականում վիրահատական միջամտությամբ: Օտոպլաստիկայի (ականջների պլաստիկա) ժամանակ, եթե հնարավոր է, մկանն է կտրվում և ճիշտ տեղից ամրացվում: Այդպես ականջի չափսը փոքրանում է և մոտեցվում գլխին: 

Ո՞ր տարիքից է կարելի վիրահատական միջամտություն 

Վիրահատական միջամտություն կատարվում է 6 տարեկանից, երբ աճառն ամբողջովին ձևավորված է լինում և հնարավոր է կատարել օտոպլաստիկա: Ռիսկային տարիք է այն առումով, որ երեխան սկսում է դպրոց գնալ և հոգեբանական խնդիրներ կարող են առաջանալ, ուստի այդ տարիքում վիրահատելը ճիշտ է: 

Որքանո՞վ է հավանական հետվիրահատական բարդությունների առաջացումը  

Օտոպլաստիկան համարվում է թեթև վիրահատություն, որի դեպքում բարդություններ քիչ են հանդիպում: Հնարավոր է լինի վերքային մակերեսի բորբոքվածություն, որը ևս հազվադեպ է հանդիպում: