Պարզաբանում է մանկաբույժ Գոհար Դավթյանը:
-Ի՞նչ է անգինան, և ինչպե՞ս է այն դրսևորվում:
Անգինան երեխաների շրջանում շատ տարածված հիվանդություն է: Հիվանդության հարուցիչները տարբեր մանրէներ են՝ հատկապես ստրեպտոկոկերը և ստաֆիլակոկերը։
Անգինան սովորաբար սկսվում է հանկարծակի։ Լինում է ընդհանուր թուլություն, մարմնի ջերմաստիճանի բարձրացում մինչև 39-40 աստիճան: Առաջանում է գլխացավ, ախորժակի անկում, երբեմն նկատվում է պարանոցային, ենթածնոտային ավշագեղձերի մեծացում: Երեխաների մոտ լինում է կլման ակտի դժվարացում, նրանք հրաժարվում են ուտելուց ու խմելուց: Հիվանդության ժամանակ նկատվում է նշիկների մեծացում, երբեմն նշիկների վրա առաջանում է նաև թարախային փառ:
-Ինչպե ՞ ս է կատարվում անգինայի բուժումը:
Անգինայի բուժումը հիմնականում իրականացվում է հակաբակտերիալ դեղամիջոցների օգնությամբ, բայց ինքնուրույն՝ տնային պայմաններում բուժել խորհուրդ չի տրվում: Հիվանդությունը սովորաբար տևում է 7-8 օր և ավարտվում առողջացումով։ Սակայն հնարավոր է նաև այլ ելք, հատկապես եթե հիվանդը շատ ուշ է դիմում բժշկի և չի կատարում նրա նշանակումները կամ զբաղվում է ինքնաբուժմամբ:
Բժշկին այցելությունը ցանկալի է, քանի որ ծնողները չեն կարող տարբերակել ՝ անգինայի որ տեսակն է և ինչ դեղորայք է հարկավոր օգտագործել:
-Իսկ հնարավո ՞ ր է կանխարգելել անգինան:
Կանխարգելել կարելի է առաջին հերթին երեխայի սնունդը կարգավորելու միջոցով: Պետք է բարձրացնել նրա դիմադրողականությունը, կոփել մարմինը: Բացի այդ, շատ կարևոր է ուշադրություն դարձնել երեխայի բերանի խոռոչի առողջությանը: Նախ պետք է խուսափել սառը սննդամթերքի օգտագործումից, հետո էլ հաճախակի զննել ատամները: Կարիեսով հիվանդ ատամների առկայությունը ևս կարող է անգինայի առաջացման պատճառ դառնալ: