Շատ երեխաներ վախենում են մթությունից: Նրանց տարիքը տատանվում է 2-7-ը, քանի որ հենց այդ տարիքում են նրանք ունենում շատ վառ երևակայություն:
Սենյակում յուրաքանչյուր ձայն ու ստվեր երեխան տագնապով է ընդունում: Շատ ծնողներ էլ երեխայի այս վախն անլուրջ ընդունելով՝ սկսում են փոքրիկին պատմել չար հոգիների մասին: Հոգեբանները կտրականապես արգելում են երեխային այսկերպ վախեցնել: Պարզենք՝ ինչպես օգնենք երեխային ազատվել վախերից:
- Մի՛ արհամարհեք երեխային, երբ ցանկանում է Ձեզ հետ խոսել իր մտահոգությունների մասին:
Բոլորս էլ ունենք շատ գործեր, զբաղված ենք, սակայն սա պատճառ չէ արհամարհել երեխային, երբ ցանկանում է խոսել մեզ հետ: Եվ հատկապես պետք է լսել երեխային, երբ նա մեզ հետ ցանկանում է խոսել իր վախերի մասին: Երեխային լսեք, խոսեք նրա հետ, բացատրեք, որ վախենալու ոչինչ չկա, որ դա իր երևակայության արդյունքն է: Կտրականապես արգելվում է նաև երեխայի վրա ծիծաղել, ծաղրել նրա վախերը: Չի կարելի երեխային ասել, որ նա արդեն շատ մեծ է նման հիմար բաներից վախենալու համար:Այդպիսով՝ հեռացնում եք նրան Ձեզնից ու ամրապնդում վախերը:
- Երեխայի սենյակում լամպ միացրեք:
Խորհուրդ է տրվում քնելուց առաջ երեխայի սենյակում լամպ միացնել և մի որոշ ժամանակ մնալ այնտեղ մինչև երեխան կքնի: Կարելի է երեխայի հետ քննարկել օրը, խոսել տարբեր թեմաներից, միայն թե նա մենակ չմնա: Լամպը կարող եք անջատել, երբ երեխան կքնի, կարող եք նաև միացրած թողնել ամբողջ գիշերվա ընթացքում: Հոգեբաններն արգելում են երեխաներին քնելուց առաջ բացասական հերոսներով մուլտֆիլմ դիտել: Դրա փոխարեն ուսուցանող հեքիաթ կարդացեք նրա համար:
- Չի կարելի պատժել երեխային՝ փակելով նրան մութ սենյակում:
Նմանօրինակ պատիժը կարող է երեխայի մոտ առաջացնել վախ մթությունից և փակ տարածությունից: Կլաուստրաֆոբիայից ազատվելն, ի դեպ, այնքան էլ հեշտ գործ չէ:
- Հարթեք ընտանիքում առկա խնդիրները:
Շատ հնարավոր է, որ երեխայի՝ մթությունից վախն ընտանիքում առկա խնդիրների պատճառով է: Երբ ծնողները հաճախ են բղավում միմյանց կամ երեխայի վրա, փոքրիկը սթրես է ապրում: Նույնիսկ մեծահասակների մոտ են սթրեսի հետևանքով առաջանում վախեր ու հոգեկան խնդիրներ:
- Արգելվում է երեխային անվանել վախկոտ:
Չի կարելի երեխային կոչել վախկոտ հատկապես այլ երեխաների ներկայությամբ: Այդ դեպքում երեխան կփակվի, կկորչի այլ մարդկանց հետ շփվելու ցանկությունը, սոցիալականացման փուլում կառաջանան խնդիրներ: