ԵՊԲՀ-ի հրավիրված մասնագետ, «Բեգլարյան» ԲԿ-ի մանկական և դեռահասների գինեկոլոգ Լիանա Քոչարյանն «Իմ փոքրիկ»-ին պատմել է անոմալ արգանդային արյունահոսության մասին:
Հերթական դաշտանի ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը տևում է ութ օր և ավելի, յուրաքանչյուր 1-2 ժամը մեկ միջադիր փոխելու անհրաժեշտություն կա, գրանցվում է նաև միջդաշտանային արյունային արտադրություն: Մի պահ դեռահասը կարող է տատանվել՝ կարծելով, որ սրանք ընդամենը փոքրիկ շեղումներ են, կշտկվեն և կկարգավորվեն ինքնուրույն, ուստի բժշկի դիմելու կարիք չկա: Իրականում շեղումը փոքր չէ, նկարագրվածն անոմալ արգանդային արյունահոսության պատկերն է: Դեռահասության շրջանում անոմալ արգանդային արյունահոսությունները պայմանավորվում են արգանդի լորձաթաղանթի շերտազատման խանգարումներով ու կրում են ֆունկցիոնալ բնույթ: Արգանդում և ձվարաններում, հիպոթալամո-հիպոֆիզար համակարգում, մակերիկամներում ու վահանաձև գեղձում գրանցվում են միայն ֆունկցիոնալ բնույթի փոփոխություններ, օրգանական ծագման ախտաբանական պրոցեսները բացակայում են: Անտեսել այս երևույթը չի կարելի, որովհետև անոմալ արյունահոսություններն ունեն որոշակի բարդություններ: Դրանք կարող են բերել սակավարյունության, ֆունկցիոնալ կիստաների զարգացման, ընդհանուր թուլության և հյուծվածության: Առհասարակ, երբ արյունը պահպանվում է մի միջավայրում երկար ժամանակ, հնարավոր է երկրորդային ինֆեկցիայի զարգացման հավանականություն:
Յուվենիլ արյունահոսությունն ախտորոշելու համար պետք է, որ անձը դիմի մանկական գինեկոլոգի, կատարվեն կլինիկոլաբորատոր հետազոտություններ, իրականացվի փոքր կոնքի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն: Հարկավոր է ուշադիր գործել և անոմալ արգանդային արյունահոսությունը չշփոթել արտաքին սեռական օրգանների վնասվածքների, հոմեոստազի համակարգի խանգարումների, արյան մակարդման, թերսնուցման ու կենտրոնական նյարդային համակարգին առնչվող օրգանական խնդիրների, հիպերպրոլակտինեմիայի, արտաքին և ներքին սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների հետ: