Ըստ տարբեր վիճակագրական տվյալների՝ փոքրիկների և դեռահասների շրջանում ողնաշարի և հենաշարժողական համակարգի հիվանդությունների թիվը սկսել է կտրուկ աճել, ուստի կարևոր է հետևել երեխայի ողնաշարի առողջությանը:
Ինչպե՞ս պահպանել երեխայի ճիշտ կեցվածքը, ո՞ր գործոններն են նպաստում դրա խախտմանը, ի՞նչ անել՝ բուժելու կամ կանխելու համար ողնաշարային տարբեր հիվանդությունները, պարզաբանում է օրթոպեդ Լյուդմիլա Սաֆարյանը:
«Ողնաշարի կեցվածքին հարկավոր է հետևել երեխայի ծնվելու առաջին իսկ օրվանից: Շատերը գիտեն, որ մինչև 6 ամսական երեխային չի կարելի նստեցնել, սակայն դա անում են, և հետագայում փոքրիկի մոտ խնդիրներ են առաջանում, բայց քչերը գիտեն, որ փոքրիկին կյանքի առաջին կես տարում ոչ միայն նստել, այլև շատ գրկել չի թույլատրվում, երեխան հիմնականում պետք է պառկած լինի, որպեսզի ապահովվի հենաշարժողական համակարգի բնականոն զարգացումը: Ինչ վերաբերում է արդեն քայլող երեխաներին, ապա ծնողը պետք է ուշադիր լինի, որպեսզի երեխայի մեջքը չկորանա. հարկավոր է երեխայի ուղիղ նստելու մակարդակին համապատասխանեցնել աթոռը, սեղանը և թույլ չտալ երեխային երկար մնալ ողնաշարի համար անբարենպաստ դիրքում»,-ասում է օրթոպեդը:
Երեխան չպետք է երկար նստի, ուստի, եթե Ձեր փոքրիկը նստակյաց է, փորձեք ապահովել նրա շարժունակությունը: Ողնաշարը կորանում է հիմնականում դպրոցական տարիքում. երեխայի պայուսակի թույլատրելի քաշը ոչ ավելին է, քան 5 կիլոգրամը, հետևաբար եթե այն ավելի ծանր է, ծնողը պետք է օգնության հասնի: Ողնաշարի կորությունը կանխելու առումով էական նշանակություն ունեն կոշիկները, ուստի մասնագետը խորհուրդ է տալիս երեխաներին հարթ կոշիկ չհագցնել: Փոքրիկ տղաների և աղջիկների ողնաշարի ուղիղ կեցվածքը պահպանելու համար խորհուրդ է տրվում երեխային հագցնել 2-3 սմ բարձրության կրունկով կոշիկներ, իսկ արդեն ողնաշարի խնդիր ունեցող փոքրիկներին կարող են օգնել օրթոպեդիկ կոշիկները:
Երեխայի քայլվածքը կարևոր նշանակություն ունի նրա ողնաշարի զարգացման համար: Մասնագետները խորհուրդ են տալիս ծնողներին ուշադրություն դարձնել երեխայի քայլվածքին՝ գլուխը ուղիղ, ուսերը՝ դեպի դուրս ցցված:
«Երեխայի քնելու բարձը չպետք է բարձր լինի, իսկ քնի ճիշտ դիրքն ապահովելու համար պետք է երեխային պառկեցնել այնպես, որպեսզի ուսերը լինեն բարձի մակարդակից ներքև, այսինքն՝ բարձը պետք է պահի միայն գլուխը և պարանոցը, իսկ ուսերը պետք է գտնվեն թույլ վիճակում և հանգստանան: Երեխայի անկողինը չպետք է փափուկ լինի, ցանկալի է կիսաչոր կամ էլ լրիվ չոր անկողին: Խորհուրդ կտամ հրաժարվել փափուկ ներքնակներից և անցնել միջին կոշտության կամ կոշտ ներքնակների»,-ասում է Լյուդմիլա Սաֆարյանը:
Ողնաշարի հիմնական հիվանդություններից են լորդոզը, որը ողնաշարի կորությունն է դեպի առաջ, կիֆոզը, որի դեպքում ողնաշարի հատվածը համաչափ ծռվում է դեպի հետ, և սկոլիոզը՝ ողնաշարի կողմնային ծռումը, որը լինում է բնածին և ձեռքբերովի: Այս հիվանդությունների բարդացված տեսակները անգամ վիրահատական միջամտություն են պահանջում, սակայն եթե ծնողը հիվանդության սկզբնական շրջանում դիմի օրթոպեդի, ապա գրագետ մարզանքների և բուժամեթոդների միջոցով հնարավոր կլինի կանխել հետագա բարդացումները:
Հեղինակ՝ Նելլի Խաչատրյան