Առաջին դասարան, նոր միջավայր, դասեր, ընկերներ. նոր ուսումնական տարվան մնացել է ընդամենը մի քանի օր: Այս անգամ «Իմ փոքրիկ»-ը որոշել է օգնել ծնողներին՝ հասկանալու՝ ինչպես պատրաստվել երեխայի առաջին սեպտեմբերի 1-ին:
Հոգեբան Անի Ապիտոնյանը «Իմ փոքրիկի» հետ զրույցում մի քանի կարևոր սկզբունք է առանձնացնում, որոնց հարկավոր է ուշադրություն դարձնել երեխային առաջին անգամ դպրոց ուղարկելիս:
Հոգեբանը ծնողներին նախևառաջ խորհուրդ է տալիս լինել համբերատար:
Շատ հաճախ ծնողին թվում է, թե երեխան շատ շուտ պետք է հարմարվի նոր միջավայրին, հեշտ ու արագ ներգրավվի դասապրոցեսին, չունենա խնդիրներ, լավ սովորի, այսինքն՝ ծնողի մոտ սկսում է ձևավորվել գերազանցիկի սինդրոմ: Սակայն պետք է լինել համբերատար, քանի որ երեխաների համար միշտ չէ, որ հեշտ է նոր միջավայրին ինտեգրվելը: Ծնողը պետք է իմանա, որ իր երեխան տարբերվում է մնացած երեխաներից և ունի իր առանձնահատկությունը: Պետք չէ միանգամից երեխայից պահանջել ավելին: Պարզապես հարկավոր է համբերատարությամբ հետևել փոքրիկի զարգացմանը:
Ո՞րն է դպրոց գնալու նպատակը
Կարևոր է նաև հասկանալ՝ որն է երեխայի դպրոց գնալու նպատակը: Պետք է գիտակցել, որ երեխան գնում է դպրոց՝ ոչ թե գիտելիք ստանալու, այլ սովորելու, թե ինչպես կարելի է գիտելիք ձեռք բերել: Դպրոց գնալով՝ երեխան սովորում է ինտեգրվել սոցիումին, ձեռք բերել այնպիսի հմտություններ, որոնք կօգնեն կյանքում ավելի հեշտ կողմնորոշվել, խնդիրների լուծման այլընտրանքներ գտնել:
Խուսափե՛ք ստանդարտ վարքագծից
Հաճախ ծնողը մտածում է, որ երեխան արդեն առաջին դասարանում պետք է գերազանց սովորի, ունենա պատշաճ վարք, այսինքն՝ ստանդարտ վարքագիծ ձևավորի: Այստեղից էլ արդեն առաջանում են խնդիրները: Այսօրվա կրթական համակարգը, առանց այդ էլ, ստանդարտացված է:
Ընդունված կարծիք կա, որ լավ և խելոք է այն երեխան, որն այնքան էլ ակտիվ չէ, լավ է սովորում, նստում է լուռ և չի խանգարում: Բայց կան նաև այնպիսի երեխաներ, որոնք աշխույժ են, օժտված են սպորտային ընդունակություններով, շատ լավ վերլուծական միտք ունեն: Այս երեխաները, որոնք փոքր-ինչ տարբերվում են մյուս երեխաներից, հաճախ արժանանում են ծնողի կամ ուսուցչի հանդիմանանքին: Նման մոտեցումն այս պարագայում մեծ հավանականությամբ կթուլացնի երեխայի ակտիվությունն ու սովորելու ձգտումը:
Մի՛ ծանրաբեռնեք երեխային
Հաճախ պատահում է՝ առաջին դասարանցիներին տալիս են մեկ էջանոց կամ ավելի երկար արտագրություններ: Պետք չէ ավելորդ ծանրաբեռնել երեխային, այն ուղղակի հակացուցված է այդ տարիքի փոքրիկներին՝ թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական առումով: Սա, իհարկե, կրթական ոլորտի խնդիր է, բայց չի նշանակում, որ ծնողը պետք է լարվի այս ամենից՝ իր լարվածությունը փոխանցելով երեխային: Հարկ է նշել, որ ծնող-երեխա կոնֆլիկտը առաջանում է հենց դպրոց գնալիս, երբ ծնողը երեխային դպրոց ուղարկելիս հիմնվում է իր սեփական ամբիցիաների վրա՝ մոռանալով, որ երեխան իր առանձնահատկություններն ունի:
Երեխային պետք է դասերին տրամադրել աստիճանաբար՝ նախապես թեթև առաջադրանքներ տալով։ Երեխայի համար դպրոցը պետք է լինի հաճելի և ոչ թե բացառապես պարտականությունների կատարման վայր։ Հակառակ դեպքում փոքրիկի մոտ կձևավորվի հակակրանք դեպի դպրոցն ու ուսումը։
Հոգեբանը հորդորում է ծնողներին հետևել վերոնշյալ խորհուրդներին՝ խուսափելու համար դպրոց-երեխա հարաբերությունների հնարավոր ճգնաժամից։
Հեղինակ՝ Նորա Հայրապետյան