Յուրաքանչյուր ծնող երեխայի դաստիարակության հարցում ինքն իր համար սահմանում է որոշակի կանոններ:
Շատերը կարծում են, որ անհրաժեշտ է խիստ լինել՝ «արա՛ այն, ինչ ասում են ծնողներդ»: Բայց կան բաներ, որոնք երեխային ստիպել չի կարելի, նույնիսկ այն դեպքում, երբ կարծում եք, որ դա նրա համար շատ լավ է:
Չի կարելի երեխային ստիպել անել հետևյալ բաները.
1. Ստել: Սա վերաբերում է նաև շատ մանր հարցերին՝ «ասա՛, որ տանը չեմ»: Եթե ձեր երեխան սկսի ուրիշներին ստել, ապա վաղ թե ուշ Ձեզ նույնպես կստի: Ստում է երեխան, թե ոչ՝ Դուք չեք հասկանա, քանի որ ստելով ուրիշներին` նա ձեռք կբերի «դերասանական մեծ փորձ»:
2. Ուտել, երբ երեխան քաղցած չէ: Կան հատուկ նորմեր, ըստ որոնց` պետք է կերակրել երեխաներին: Բայց որքան մարդ, այնքան կարծիք: Հիշեք՝ մեր օրգանիզմն ահազանգում է, երբ քաղցած է կամ արդեն կուշտ է:
3. Կեղծել և լինել ոչ այնպիսին, ինչպիսին կա: Եթե երեխան ամաչկոտ է, համակերպվեք: Դուք չեք կարող Ձեր երեխային ստիպել կեղծել: Իհարկե, դժվար է, բայց թույլ տվեք երեխային լինել այնպիսին, ինչպիսին նա է: Ցույց տվեք երեխային, որ նրան սիրում եք հենց այդպիսին: Սեփական օրինակով ցույց տվեք՝ ինչպիսին կարելի է լինել:
4. Ներողություն խնդրել: «Շատ արագ ներողություն խնդրիր»,-ասում է մայրիկն, ու երեխան շատ արագ ներողություն է խնդրում անհայտ մի բանի համար: Եթե երեխան մեղավոր է, և կարծում եք, որ պետք է ներողություն խնդրի, շատ կարճ բացատրեք երեխային իր մեղքն ու ասեք՝ ինչի համար նա պետք է ներողություն խնդրի:
5. Խոսել անծանոթ մարդկանց հետ: Չի՛ կարելի երեխային ստիպել խոսել անծանոթների հետ, վերցնել նրանցից գումար կամ կոնֆետ: Հետագայում նա չի տարբերի՝ ում հետ կարելի է շփվել, ում հետ՝ ոչ:
6. Ընկերություն անել նրանց հետ, ովքեր իրեն հաճելի չեն: Ամենևին էլ պարտադիր չէ, որ Ձեր երեխան ընկերություն անի Ձեր լավագույն ընկերուհու երեխայի հետ: Երեխան պետք է ընկերություն անի նրա հետ, ում հետ ցանկանում է: Կան երեխաներ, որոնց ավելի հաճելի է ընկերություն անել տարիքով ավելի մեծ մարդկանց հետ: Մի արգելեք: Թույլ տվեք նրան ինքնուրույն ընտրել իր ընկերներին: Իսկ դուք պարզապես հետևեք, որ չսխալվի:
7. Միանգամից հրաժարվել սովորություններից: Հնից նորին անցնելը պետք է լինի աստիճանաբար: Ինքներդ պատկերացրեք՝ որքան դժվար է, երբ Ձեզ ստիպում են թողնել նախկին սովորություններն ու անցնել նորին:
8. Անել մի բան, որն իր մոտ չի ստացվում: Երբ Դուք ստիպում եք երեխային անել մի բան, որը նրա մոտ չի ստացվում, նա սկսում է հիասթափվել ինքն իրենից: Մի՛ ստիպեք երեխային գնալ դաշնամուրի դասերի, եթե նա չունի երաժշտական լսողություն: Հաշվի առեք երեխայի ցանկությունն ու ունակությունները:
Հաշվի առեք, որ Ձեր երեխան միայն ՁԵՐ երեխան չէ, նա անհատականություն է: Որքան արագ երեխան սկսի ինքնուրույն որոշումներ կայացնել, այդքան արագ պատասխանատվություն կկրի իր որոշումների ու արարքների համար:
Երեխայի դաստիարակության մի քանի ոսկե կանոն.
· Ուրախացեք Ձեր երեխայով
· Երեխայի հետ խոսեք սիրալիր տոնով
· Երբ երեխան խոսում է Ձեզ հետ, լսե՛ք նրան, մի՛ ընդհատեք
· Երեխայի նկատմամբ Ձեր պահանջները հստակ ձևակերպեք
· Խոսեք պարզ, հասկանալի
· Համբերատար եղեք
· Ամեն օր կարդացեք երեխայի համար ու բացատրեք կարդացածը
· Հաճախ գովեք երեխային
· Կազմակերպեք զբոսանք երեխայի հետ
· Բացահայտեք նրա թաքնված տաղանդը
· Երեխային հաճախ տարեք գրադարան
· Եղեք երեխայի համար օրինակ
· Մի՛ կորցրեք հումորի զգացումը
· Երեխայի հետ տարբեր խաղեր խաղացեք: