«Իմ փոքրիկ»-ը զրուցել է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանի հետ։
-Ի՞նչը կօգնի ծնողներին հասկանալ, որ երեխայի մոտ արդեն սկսված է սեռահասունացման փուլը։
-Երբ երեխայի մոտ սկսում է սեռահասունացման փուլը, փոխվում է նրա վարքագիծը, դառնում է ավելի ագրեսիվ, սկսում է հաճախ լաց լինել, շփման մեջ սկսում է ամաչել, այսինքն՝ վարքային դրսևորումները այսպիսին կարող են լինել: Սա կարող է խոսել այն մասին, որ երեխայի մոտ ակտիվացել է սեռահասունացումը: Արդեն որոշ ժամանակ անց նկատվում է արտաքին փոփոխությունը:
-Ե՞րբ պետք է երեխայի հետ խոսել դրա մասին։
-Երեխայի հետ ակամա մենք խոսում ենք դրա մասին, կարող է դա չլինել բառացի, բայց մշտապես սեռահասունացման մասին խոսակցություններ լինում են՝ այս աղջիկը իրեն այսպես դրսևորեց, այն տղան՝ այնպես: Իսկ երեխայի հետ նստում ու խոսում են այն ժամանակ, երբ նա տալիս է հարցեր: Հարցեր հիմա տալիս են նաև նախադպրոցական տարիքի երեխաները։
-Ո՞վ պետք է խոսի երեխայի հետ, կա՞ տարբերություն՝ հայրը՞, թե՞ մայրը, այսինքն՝ աղջկա հետ մա՞յրը պետք է խոսի, տղայի հետ՝ հա՞յրը։
-Տարբերությունն այն է, թե ով է ավելի ինֆորմացված, ով կարող է ավելի հանգիստ, առանց լարվածության պատասխանել երեխայի հարցերին: Եթե զրույցի ընթացքում շեշտվում է, որ սեռահասունացումը ամոթ բան է, երեխան արդեն ընկալում է այդպես: Այսինքն՝ երբ պարզապես հարցերին պատասխանելու փոխարեն սկսում ենք բարոյախրատական ճառեր կարդալ, արդեն խաթարում ենք նրա ճիշտ զարգացումը այս ուղղությամբ: Արդեն ուղղորդում ենք նրան, որ կան որոշակի կետեր, որոնք ամոթալի են:
-Ինչպե՞ս խոսել, հատկապես ինչի՞ց սկսել և ի՞նչ բառապաշար ընտրել։
-Խոսակցությունը պետք է սկսվի երեխայի հարցադրումից: Իսկ եթե երեխան այնպիսին է, որ հարցեր չի տալիս, բայց ծնողը հասկանում է, որ արդեն ժամանակն է նրա հետ խոսել այդ մասին, շատ հանգիստ կարելի է սկսել այսպես՝ «Ես ուզում եմ՝ մի քիչ խոսենք մարդու կառուցվածքի մասին, մեր բոլորի մասին, թե ինչպես ենք մեծանում, ինչպես ենք սիրահարվում, երեխաներ ունենում ու թե դա ինչ կապ ունի բնության հետ»։ Հենց այս նախադասության մեջ երեխայի մոտ ներդաշնակության զգացողություն է առաջանում:
-Ո՞րն է այն ինֆորմացիան, որ ծնողը, կախված երեխայի սեռից, պետք է փոխանցի նրան։
- Աղջիկների և տղաների դեպքում, թերևս, չկա տարբերություն, քանի որ յուրաքանչյուրը պետք է իմանա համարյա նույն տեղեկատվությունը, որը մարդու մասին է: Սեռահասունացման թեման մարդու հասունացման մասին է, չեմ կարծում, որ կա հատուկ ձև տղաների և աղջիկների դեպքում: Կան աղջիկներ, որոնք, օրինակ, դաշտան են տեսնում, սակայն չգիտեն, թե դա ինչ է: Դա ընկալում են որպես հիվանդություն: Այստեղ շատ կարևոր է, թե ծնողը ինչ ինֆորմացիա ունի, որը կարող է փոխանցել: Շատ ծնողներ գտնում են, որ երեխաներին պարտավոր են փոխանցել այն ինֆորմացիան, որը չի առնչվում հակառակ սեռի հետ։ Ծնողը պարտավոր է փոխանցել գիտականորեն ապացուցված ինֆորմացիա․ եթե կա տարակուսանք, ապա պետք է դիմել մասնագետներին, համոզվել, թե ինչն է կարելի ասել երեխային և դա էլ փոխանցել նրան։
-Ի՞նչ սահմանափակումներ դնել ինֆորմացիայի փոխանցման հարցում, կա՞ն բաներ, որոնց մասին, այնուամենայնիվ, պետք չէ խոսել։ Որո՞նք են այդ սահմանները։
-Ըստ երեխայի հարցի՝ մենք պետք է դնենք սահմանափակումները, այսինքն՝ եթե երեխային հարցերի պատասխանները բավարարում են, ուրեմն՝ պետք չէ այլևս շարունակել ինֆորմացիայի փոխանցումը: Սակայն հաճախ երեխաները ամաչում են շփվել ծնողների հետ, հետևաբար հարցադրումներ չեն անում: Դրա համար արդեն կարևորվում է այն, որ նա ճիշտ ինֆորմացիա ստանա դպրոցում: Սահմանափակումներ կարելի է դնել ոչ թե թեմայի վերաբերյալ, այլ չերկարացնել, չփորձել խորացնել որոշ բաներ: Չպետք է շատ երկար խոսել բռնության մասին, քանի որ եթե դրա մասին սկսում ենք խոսել, արդեն նրա մոտ ոչ թե առաջանում է զգուշավորություն, այլ տագնապ, վախեր, կպչուն մտքեր։ Երեխան ցանկացածին տեսնելիս պատկերացնում է, որ նա կարող է լինել իր բռնարարը: Ինֆորմացիան կարող ենք տալ հետևյալ կերպ․ օրինակ՝ մեզ կարող են հանդիպել այնպիսի մարդիկ, որոնք ստիպեն կամ խաբեությամբ փորձեն մեզ հետ անել այն, ինչը չի կարելի ոչ ոքի հետ անել: Օրինակ՝ կպչել մարմնին, գողանալ: Այս դեպքում կարող ես վարվել այսպես, ասել, որ իմ մայրը կամ հայրը սպասում են ինձ, նրանք գիտեն, թե ես որտեղ եմ սպասում, այսինքն՝ տալ ինֆորմացիա, թե նման դեպքերում ինչպես կարելի է վարվել: Տալ ուղղություններ ու մտքեր այդ պահին գործելու, որը երեխայի մոտ կառաջացնի պաշտպանվածության զգացողություն: Կարելի է պարզապես սահմանափակել բազմաթիվ օրինակներ բերելը:
-Ինչպե՞ս հետևել երեխայի սեռահասունացման գործընթացին և ինչպե՞ս օգնել նրան։
-Բժշկական առումով հետևում են մասնագետները, իսկ հոգեբանական մասով մենք չունենք որևէ ինստիտուտ, որ երեխաները անցնեն որևէ հոգեախտորոշում այդ տարիքում: Մնում է ծնողի հետ զրույցը։ Նա որքան հանգիստ խոսի երեխայի հետ, այնքան ավելի շուտ կհասկանա, թե ինչ է կատարվում նրա հետ: Իսկ եթե նկատվում է վարքագծի փոփոխություն, և ծնողը պատճառները չի հասկանում, կարելի է դիմել արդեն հոգեբանական օգնության:
- Որքա՞ն ժամանակ է տևում սեռահասունացումը։
-Միջինում տևողությունը 5 տարի է։



