Ինչպե՞ս հեքիաթների միջոցով զարգացնել երեխայի խոսքն ու երևակայությունը

Բոլոր ծնողներն էլ հեքիաթներ են կարդում երեխաների համար։ Այս զբաղմունքն, իհարկե, երեխայի մոտ զարգացնում է կապակցված խոսքը, մտածողությունը, երևակայությունը, ընդլայնում աշխարհընկալումը, բառապաշարը և այլն:

Բայց այդ ամենը կարելի է կազմակերպել ավելի նպատակային: Թվարկվածն ավելի լավ զարգացնելու համար կա արդյունավետ տեխնիկա։ Երբ կարդում եք հեքիաթը և շատ հետաքրքիր մասի եք հասնում, մի պահ դադար տվեք ու հարցրեք՝ «Ի՞նչ ես կարծում, ի՞նչ կլինի հետո»:

Համբերատար լսեք երեխային, օգնեք մտքերը շարադրել, ապա առաջարկեք լսել, թե ինչ է գրված գրքում:

2-3 անգամ նույն հեքիաթը կարդալուց հետո (պարտադիր չէ նույն օրը) հարցերի միջոցով օգնեք` պատմի հեքիաթը: Երեխաները սիրով պատմում են մեկ այլ անձի, որն իբր չի լսել հեքիաթը: Եթե ընթացքում երեխան շատ է շփոթում դեպքերի զարգացումը կամ հորինում է, ապա պետք չէ ասել` «Ո՛չ, էդպես չէ», առաջարկեք ևս մեկ անգամ կարդալ՝ ասելով՝ «Գուցե ինչ-որ բան չենք հիշում, կարդանք ու վերհիշենք մեր պատմածը»:

Երեխայի պատմածը և հեքիաթը համեմատելիս էլ պետք չէ մատնանշել երեխայի՝ այլ տարբերակով պատմելը, ուղղակի կարդալուն զուգահեռ երբեմն դադար տվեք ու նորից քննարկելով պատմեք:

Եթե երեխան հորինում է, ասեք, որ ինքը հեղինակի նման չի մտածում՝ «Եթե դու լինեիր այս հեքիաթի հեղինակը, գուցե այլ վերջաբան ունենար հեքիաթը»։

 

Աղբյուրը՝ «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոն։