Ձեր փոքրիկը գիտի՞, թե քանի եղանակ ունի տարին, կարողանո՞ւմ է տարբերակել, թե որ եղանակն է հիմա:
Ստորև ներկայացված դրույթներին ուշադրություն դարձնելով` Ձեր փոքրիկին սովորեցրեք տարբերակել եղանակներն ըստ նշանների: Թող նաև թվարկի, թե որ եղանակին ինչ հատկանիշներ են բնորոշ:
Գարուն
- Արևը ավելի վառ է փայլում, այժմ նրա ճառագայթներն ավելի տաք են («Ապա, դեմքդ պահիր արևին, տա՞ք է» ),
- Եղանակը տաքանում է («Այժմ պետք է հագնենք ավելի թեթև վերնահագուստ»),
- Հալչում է ձյունը, հոսում են առվակները («Տես` ինչքան քիչ ձյուն կա հիմա, այն հալչում է և վերածվում ջրի», կարող եք փոքրիկին առաջարկել, որ դիպչի թաց ձյանը),
- Ծաղկում է առաջին ծաղիկը (Ցույց տվեք նրան ձնծաղիկները),
- Ծառերի վրա բողբոջներ են հայտնվել, առաջին խոտը ձնհալից հետո (Կարող եք փոքրիկի հետ օրեցօր հետևել ծառերի ծաղկմանը, ծաղկանոցից գարնանային ծաղիկներ տուն բերել ),
- Հայտնվում են միջատները («Ահա, տեսնում ես առաջին թիթեռնիկը սկսեց թռչել»),
- Կենդանիները դիմավորում են գարունը (Ասեք փոքրիկին, որ վերադառնում են թռչունները, անտառում արթնանում է արջը, նապաստակի մորթին նորից մոխրագույն է դառնում):
Ամառ
- Շոգ է (այժմ կարելի է հագնել կիսաշրջազգեստ կամ կարճ տաբատ),
- Շողում է արևը, և նրա ճառագայթներն էլ ավելի տաք են (Առաջարկեք փոքրիկին ձեռք տալ արևից տաքացած քարերին կամ ավազին) ,
- Ծառերը տերևակալած են, շուրջը ամբողջությամբ կանաչ է (Նայիր` ինչքան կանաչ տերևներ կան ծառերի վրա: Ամենուրեք կանաչ է, և ծաղկում են ծաղիկները),
- Հասնում են մրգերը և հատապտուղները («Նայիր` ինչ մեծ և կարմիր է ելակը, համտեսիր ինչ քաղցր է),
- Շատացել են միջատները (Այնպես արեք, որ փոքրիկն ուշադրություն դարձնի զատինկերին, մրջյուններին, թիթեռներին, խխունջներին):
Աշուն
Փոքրիկի ուշադրությունը հրավիրեք այն բանի վրա, որ բնության մեջ կատարվում են փոփոխություններ՝
- ցրտում է («Տես փոքրիկս, պետք է ավելի տաք վերնահագուստ հագնել և գլխարկ դնել»),
- հաճախ անձրևներ են գալիս («Պահիր թաթիկդ, զգո՞ւմ ես անձրևի կաթիլները: Պետք է անձրևանոց վերցնենք»),
- անձրևից հետո փողոցներում ջրափոսեր են առաջանում («Անհրաժեշտ է հագնել ռետինից կոշիկներ, որպեսզի ոտիկներդ չթրջվեն»),
- ծառերի տերևները դարձել են գազարագույն և դեղին («Արի հավաքենք տարբեր գույնի տերևներ և դրանցով փունջ պատրաստենք»),
- ուժեղ քամի է («Տեսնու՞մ ես, թե ինչպես է քամին պոկում ծառից տերևները և անգամ կարող է մեզ էլ այս ու այն կողմ հրել»),
- թաքնվել են միջատները («Որտեղ են թիթեռները, մրջյունները, ինչ որ վաղուց դրանց չենք տեսել),
- թռչունները չվում են այնտեղ, որտեղ ավելի տաք է («Տեսնում ես, թե երկնքում ինչքան շատ թռչուններ կան, սա կոչվում է երամ»),
- անտառում կենդանիները պատրաստնում են ձմռանը (Պատմեք փոքրիկին, որ սկյուռիկները ձմեռվա համար սնկերից պաշար են հավաքում, արջերը երկար քուն մտնելուց առաջ շատ ուտում են և իրենց համար որջ են կառուցում, նապաստակի մորթին սպիտակ է դառնում, որպեսզի ձյան վրա աննկատ մնա):
Ձմեռ
Թող փոքրիկը ուշադրություն դարձնի եղանակի հիմնական փոփոխությունների վրա՝
- Ցուրտ, սառնամանիք («Նայիր` ինչ նախշեր է նկարել սառնամանիքը պատուհանի վրա: Պետք է հագնենք տաք բաճկոն, գլխարկ, ձեռնոց և շարֆիկ)
- Ձյուն է գալիս («Տեսնո՞ւմ ես, ամբողջը սպիտակ ձնով է պատվել՝ ծառերը, փողոցը, տունը»)
- Լճակները և գետակները սառույցով են պատվել («Ամռանը այստեղ ջուր էր, իսկ հիմա այն պատվել է սառույցով»)
- Մերկացել են ծառերը («Նայիր, տես կան արդյո՞ք տերևներ ծառերի վրա»),
- Թռչունները մարդկանց տներին են մոտենում` կեր գտնելու հույսով (Փոքրիկի հետ նրանց համար փոքրիկ բույն պատրաստեք կամ կերակրվելու տեղ և հետևեք ընթացքին):
Նյութն ըստ parenting.ru կայքի