Ծնողների ճնշող մեծամասնությունն այսօր գանգատվում է, որ իրենց երեխաները մոտիվացված չեն։
Իսկ գուցե նրանք մոտիվացնելու սխալ մեթոդնե՞ր են ընտրում։
Ինչպե՞ս մոտիվացնել երեխային
Չմոտիվացված երեխային մոտիվացնելու համար նախ պետք է հասկանալ, թե ինչու է նա այդպիսին: Գուցե երեխան ունի հոգեբանական խնդիրներ։ Բացի այդ, դուք պետք է հասկանաք, թե զարգացման ո՞ր փուլում է երեխան: Առանց իրավիճակը և երեխայի առանձնահատկությունները հասկանալու, չեք կարող ասել, որ երեխան մոտիվացված չէ:
Երբ հասկանաք վերը նշվածը, կիրառեք ստորև ներկայացված այս 5 մոտիվացիոն քայլերը։
- Մոռացեք բարկության մասին: Եթե երեխան բարկացած տեսնի Ձեզ, նա կամ կդիմադրի, որովհետև իրավիճակը սպառնալից կհամարի, կամ էլ կզիջի՝ ձեզ հանգստացնելու համար, սակայն այս զիջումը կլինի շատ ժամանակավոր։ Այս 2 տարբերակները ցանկալի չեն: Քննարկեք երեխայի հետ խնդիրը ու առաջարկեք լուծումներ։ Փորձեք գտնել այն զբաղմունքը, որը երեխային ավելի է դուր գալիս։ Յուրաքանչյուր երեխա ունի թաքնված տաղանդ։ Հայտնաբերե՛ք այն։
- Եղե՛ք ոգեշնչող առաջնորդ։ Շատ ծնողներ երեխաներին դարձնում են չմոտիվացված, որովհետև հոգնեցնում են նրանց սեփական անհանգստություններով: Հաճախ մենք մոռանում ենք, թե ինչն է երեխային ուրախացնում, ոգևորում: Փորձեք երեխային վերահսկելու փոխարեն քաջալերել, օգնեք նրան գտնել կյանքի նպատակներ, հաճելի զբաղմունքներ:
- Թու՛յլ տվեք, որ երեխան միայնակ ընտրություն կատարի։ Թույլ տվեք, որ երեխան սխալվի: Թողեք, որ ինքը պատասխան տա իր արածների և չարածների համար: Եթե երեխան զրկվել է ինչ-որ բանից, որովհետև չի կատարել տնայինը, թույլ տվեք, որ նա ինքը հասկանա, որ կարող է դարձյալ ստանա կորցրածը, եթե լավ վարք դրսևորի:
- Հասկացե՛ք, թե ինչն է ձեր երեխային մոտիվացնում։ Բոլոր մարդիկ ինչ-որ բանով մոտիվացվում են: Ձեր պարտականությունն է հասկանալ, թե ինչն է մոտիվացնում Ձեր երեխային: Բացահայտեք, թե ինչ է ուզում երեխան և ինչու է ուզում: Համագործակցե՛ք փոքրիկի հետ:
- Հարցրե՛ք, երբ կասկածում եք։ Շատ ծնողներ տանջում են իրենց՝ փնտրելով «ինչու՞ իմ երեխան մոտիվացված չէ» հարցի պատասխանը: Այդ հարցի հասցեատերը, սակայն, հենց երեխան է: Իհարկե, դուք չեք ստանա ամբողջական պատասխան այն հարցին՝ «ինչու՞ դու մոտիվացված չես»: Դուք կարող եք, օրինակ, հարցնել. «Ինչու՞ չես կատարել մաթեմատիկայի հանձնարարությունը»: Գուցե բացահայտեք, որ երեխան խնդիր ունի մաթեմատիկայի ուսուցչի հետ, որովհետև վերջինս դասերի ընթացքում քննադատաբար է մոտենում երեխաներին:
Դուք կարող եք հասկանալ, թե ինչն է մոտիվացնում ձեր երեխային՝ ուսումնասիրելով նրա խնդիրները, ոչ թե հրամաններ տալով: Լավ իմանալով Ձեր երեխային՝ Դուք կարող եք վստահություն ներշնչել նրան, իսկ ինքնավստահ երեխան կլինի մոտիվացված:
Աղբյուրը՝ babycenter.com



