Փոքրիկների 5 «անհարմար» հարց, որոնք հաճախ են շփոթեցնում ծնողներին․ ինչպե՞ս պատասխանել

Որտե՞ղ, ե՞րբ, ինչպե՞ս թե․․․ Փոքրիկների հետաքրքրասիրությունը դրսևորվում է վաղ տարիքից, և որքան մեծանում է երեխան, այնքան «շահագրգռված» է դառնում շրջակայքը բացահայտելու գործում։ 

3-4 տարեկանում բալիկը սկսում է անհավանական թվով հարցեր տալ։ Այն, ինչ նա կարող էր ինքնուրույն սովորել, արդեն հասցրել է ուսումնասիրել, ուստի ուշադրությունը սևեռում է երևույթների վրա, որոնց հնարավոր չէ դիպչել: Նա ձգտում է ծանոթանալ աչքի համար «անհասանելի» աշխարհի հետ, հասկանալ բնության օրենքներն ու հասարակության մեջ գործող սկզբունքները, պարզել՝ ինչու չի կարելի ուտել պառկած վիճակում, ինչու է հայրիկը գնում աշխատանքի և այլն։ Երբեմն էլ փոքրիկների հարցերն անելանի դրության մեջ են գցում ու լինում այնքան անսպասելի, որ ծնողները փորձում են կտրուկ փոխել թեման, շեղել բալիկի ուշադրությունը կամ տանում երկար քննարկում՝ կարմրելով և կորցնելով ինքնատիրապետումը։ 

 

1․ Ընտանեկան խառնաշփոթ․ «Ինչու՞ են մայրիկը և հայրիկը վիճում», «Ձեզանից ո՞վ է գլխավորը», «Ինչու՞ հայրիկը հեռացավ»

 

Ընտանիքում երեխան սովորում է կանոններ, դերերի և փոխհարաբերությունների ձևեր, որոնք դրսևորում է հասուն տարիքում։ Եթե ​​ծնողները բաժանվել են կամ մշտապես վիճում են, բալիկը ենթագիտակցորեն մեղավոր է զգում դրա համար։ Այդպիսի իրավիճակում սխալ է ամեն ինչում կողակցին մեղադրելն ու երեխայի մեջ դաշնակից փնտրելը։ Պետք չէ նաև ամբողջովին դուրս թողնել երեխային ընտանեկան հարաբերություններից՝ ստիպելով նրան անձամբ մտածել, վերլուծել և երևակայել։ Բացատրեք, որ փոքր վեճերը սարսափելի չեն, կարևոր են հարգելն ու հաշտվելը: Ընտանիքը գործընկերության յուրահատուկ տեսակ է, բոլորն աջակցում են միմյանց ու ներդրում ունենում, իսկ ծնողները սիրում են երեխային՝ անկախ իրենց միջև առկա հարաբերություններից: Մի՛ քննարկեք ընտանեկան թեմաները, երբ դուք նեղված եք։ Փոքրիկները դա զգում են: Եթե ​​երեխան մեծանում է փոխըմբռնման և ընկերասիրության մթնոլորտում, նա սովորում է սեր գտնել այս աշխարհում: 

 

2․ Մրցակցություն․ «Մենք հարո՞ւստ ենք», «Ինչո՞ւ Լևոնն ունի պլանշետ, իսկ ես՝ ոչ», «Արդյո՞ք գեղեցիկ եմ», «Դուք ասում եք, որ ես գեղեցիկ եմ, բայց Աննան ինձ տգեղ է համարում», «Ո՞ւմ ես ավելի շատ սիրում՝ ի՞նձ, թե՞ եղբորս»

 

Մրցակցության ոգին երեխաների մոտ արթնացնում է ցանկություն՝ ունենալու այն, ինչ ունեն ընկերները, նմանվելու ինչ-որ մեկին: Կենտրոնանալով ուրիշների վրա՝ նրանք ձևավորում են ինքնագնահատական, «տեղափոխվում» են  սոցիալական հիերարխիայի որոշակի մակարդակ: Ժամանակ առ ժամանակ երեխաները համեմատության հարցերն օգտագործում են անգամ ծնողներին մանիպուլացնելու նպատակով: Չի կարելի բարկանալ փոքրիկների վրա, խուսափել պատասխանելուց, ասել՝ «Ու՞․․․», «Անհեթեթություններ մի՛ խոսիր»: Հարկավոր է բացատրել երեխային և նշել՝ միշտ կգտնվի մեկը, որը կունենա ավելի թանկ հեռախոս, ավելի լավ մեքենա, կգտնվի անձ, որն առավել ուժեղ է, զորեղ, լի հնարավորություններով: Օրինակներով ցույց տվեք, որ ամեն ինչն այդքան էլ պարզ չէ: Մանրամասնում  ենք՝ «Այո՛, Լևոնի ծնողները նրա համար շատ խաղալիքներ են գնում, սակայն մեծամասամբ տանը չեն լինում, մենք էլ ենք ջանում անել հնարավորը», «Մարդիկ տարբեր ճաշակներ ունեն․ մեկը նախընտրում է նիհար մնալ, մյուսը՝ թմբլիկ, ոմանք սիրում են մարտաֆիլմեր, ոմանք էլ՝ կատակերգություններ: Սա չի նշանակում, որ մի բանն ավելի լավն է կամ վատը, պարզապես յուրաքանչյուրն ինքն է ընտրություն կատարում»: Այսպիսով, երեխան աստիճանաբար ստեղծում է գնահատման սեփական  չափանիշները: Կարևոր է, որ նա հասկանա՝ մարդուն սիրում են ոչ թե նրա ունեցածի համար, այլ հենց այնպես՝ գնահատելով մարդկային տեսակը։ Մի՛ փորձեք երեխայի հետ սակարկումների գնալ, շեշտել՝ փոխարենը կգնեք ուզած իրն ու կգովաբանեք: Դա միայն կխթանի պահանջկոտության և նախանձի զարգացմանը: Չմեղադրեք երեխային այն բաների համար, որոնք նա դեռ չի հասկանում: Երեխան չի ցանկանում վիրավորել ձեզ, ընդամենը փորձում է հասկանալ օրինաչափությունները, տարբերությունները: Անիմաստ է նրանից պահանջել, որ ըմբռնի և հատուկ երախտագիտություն հայտնի։ 

 

3․ Արդարության վերաբերյալ․ «Ինչու՞ դու կարող ես առանց գլխարկի դուրս գալ, իսկ ես չեմ կարող», «Ինչու՞ ես պետք է շուտ քնեմ», «Ինչու՞ պետք է հենց ես ամանները լվանամ, եղբայրս՝ ոչ»

 

Անհրաժեշտ է, որ երեխան գիտակցի՝ ինչ և ինչու կարող է անել, ինչը կվնասի իրեն։ Այդպես նա կկարողանա զարգացնել ճիշտ վերաբերմունք շրջապատի հանդեպ, գիտակցել իր տեղն ու ապագա հեռանկարը։ Անտեղի  է ասելը՝ «Երբ մեծանաս, ինքդ կորոշես», «Եղբայրդ փոքր է, կարող է, բայց դու մեծ ես»։ Երեխային այսպես հրում են անկյուն. մի կողմից նա կձգտի «մեծահասակ» դառնալ՝ արգելված պտուղները ճաշակելու համար, մյուս կողմից՝ «փոքր» կմնա որքան հնարավոր է երկար, որպեսզի պատասխանատվություն չվերցնի իր ուսերին։ Մի՛ իդեալականացրեք ինքներդ ձեզ երեխայի աչքերում: Ընդունեք, որ մեծահասակների ոչ բոլոր արարքներն են արժանի ընդօրինակման, սակայն դուք գիտեք ձեր վատ սովորությունների մասին և փորձում եք ազատվել դրանցից։ Խոսելով կրտսեր եղբայրների ու քույրերի մասին՝ բացատրեք, որ նրանց տարիքում նա նույնպես չէր կարող օգնել մորը, բայց հիմա էլ ունի նոր իրավունքներ։ Եթե ​​ցանկանում եք բալիկին ինչ-որ բան սովորեցնել, սկսեք ինքներդ ձեզանից, արարքներն ավելի բարձր են հնչում, քան խոսքերը: 

 

4․ Հավերժականի մասին․ «Ես էլ եմ ծերանալու՞», «Չե՞մ լինելու»

 

Պետք չէ խոսել հավերժական կյանքի մասին կամ նկարագրել ծերացման ֆիզիոլոգիական մանրամասները: Կարելի է փոքր երեխային ասել՝ «Շատ ու շատ տարիներ անց դու նույնպես կծերանաս, բայց մինչ այդ կունենաս երկար և հետաքրքիր կյանք, կսիրահարվես, կստեղծես ընտանիք, կունենաս երեխաներ»: Այս դեպքում ճիշտ է չեզոք ոճ ընտրելը։ 

 

5․ Ինտիմ թեմա․ «Ինչպե՞ս եմ եկել ձեզ մոտ», «Մայրի՛կ, որտե՞ղ եմ եղել մինչ ներսումդ հայտնվելը», «Ի՞նչ են արել ծնողներս»

 

Հետևյալ թեման փոքրիկների շրջանում տարածվածներից մեկն է։ Նրանք, լսելով մանրամասներ հասակակիցներից ու համացանցից, վազում են մեծահասակների մոտ, որպեսզի ստուգեն ստացած տեղեկատվությունը։ Այսինքն՝ ծնողին համարում են վստահելի աղբյուր։ Այդպիսի դեպքերում սխալ է  ծիծաղելը, կարմրելը և նման հարցերի համար երեխային «փոքր» անվանելը։ Այստեղ կարևոր է, թե քանի տարեկան է հարցը տվող երեխան, որովհետև յուրաքանչյուր տարիքի համար թույլատրվում է որոշակի մանրամասնություն: Այսօրվա երեխաները գիտակից անհատներ են, և դուք նրանց չեք բավարարի արագիլների ու կաղամբների մասին լեգենդներով։ Եթե երեխան 3-5 տարեկան է, կարելի է սահմանափակվել ընդհանուր բնութագրմամբ՝ «Տղամարդն ու կինը սիրահարվում են, միասին ապրում, որից  հետո մայրիկի որովայնում հայտնվում է փոքրիկ երեխա։ Նա  մեծանում է և ծնվում»։ «Դա վատ բառ է», «Մեծացիր, հետո ինքդ կիմանաս» արտահայտությունները կարող են մոլորեցնել նրան ու ազդել հոգեբանական զարգացման վրա: Տարիքով մեծ երեխաներին պետք է բացատրել տղամարդու և կնոջ կառուցվածքային  առանձնահատկությունները, ներկայացնել արական ու իգական սեռական բջիջների մասին: Եթե ​​դժվարանում եք պատասխանել, գտեք մանկական գիրք, որտեղ ամեն ինչ լավ նկարագրված կլինի: Հարցրեք բալիկին, թե ինչու է հետաքրքրված թեմայով, ինչպես է նա իմացել դրա մասին: Այդպես դուք կհասկանաք, թե կոնկրետ ինչի մասին է հարցնում փոքրիկը և  ժամանակ կշահեք՝ գրագետ պատասխան պատրաստելու համար: Երեխան ձեզանից ակնկալելու է հարցի պարզ ու հակիրճ պատասխան։ Նա կարիք չունի ավելին իմանալու, քան պատրաստ է հասկանալ։ 

Գիտնականներն ասում են, որ երեխայի հարցերի մեխանիզմն արտացոլում է նրա ճանաչողական զարգացման պատկերը, հարցերի հաճախականությունը և բովանդակությունը ցույց են տալիս՝ որքանով է երեխան հասկանում իրեն շրջապատող աշխարհի կառուցվածքը: Հետևաբար, արժե անհանգստանալ, եթե հարցերը քիչ են կամ ընդհանրապես բացակայում են: Բալիկները, որոնք հարց են հղում ու ստանում են ճշմարիտ պատասխաններ, հաճախ համաձայն են լինում դրանց հետ: Իսկ այն երեխաները, որոնք արձագանք չեն ստանում, անընդհատ նույն հարցը տալիս են մինչև բացատրություն ստանան կամ փնտրում են այլ տեղում: Ծնողները պետք է փորձեն տեսնել՝ ինչ է թաքնված հարցի հետևում, քանի որ երբեմն երեխաներն այսկերպ են խոսում իրենց վախերի ու խնդիրների մասին՝ անգիտակցաբար աջակցություն և օգնություն խնդրելով։ Երեխայի հետ խոսելիս եղեք բարի, ձեզ բարձ դիրքում մի՛ պահեք, դաստիարակչական տոնով հանդես մի՛ եկեք ու մի՛  ծաղրեք նրան:

Թարգմանությունը կատարելիս օգտվել ենք lifehacker.ru և lisa.ru կայքերից