Ամերիկուհի Պամելա Դրուկերմանը մի գիրք է հեղինակել, որում ներկայացնում է երեխաների դաստիարակության` ֆրանսիացիների տարբերակը:
Այն հիմնված է 10 կարևոր կանոնի վրա, որոնց հետևում են ֆրանսուհի աշխատող մայրիկները: Ներկայացնում ենք մի քանի կետ այդ գրքից:
- Իդեալական մայրիկներ գոյություն չունեն
Աշխատող մայրիկները ձգտում են լինել իդեալական տանը, միաժամանակ կառուցել հիանալի կարիերա: Պրակտիկորեն նա աշխատում է երկու հերթափոխով՝ տանը և աշխատավայրում: Կարծում ենք՝ աշխատող բոլոր մայրիկներին սա ծանոթ երևույթ է: Եվ ահա ֆրանսուհիներն ունեն սիրելի արտահայտություն՝ «իդեալական մայրիկներ գոյություն չունեն»: Օրինակ՝ ֆրանսուհիները մինչև երեխայի դպրոց գնալը նրան չեն սովորեցնում գրել, կարդալ: Նրանք շեշտը դնում են երեխայի ունակությունների և հակումների բացահայտման վրա՝ նկարել, երգել, պարել, ֆուտբոլ խաղալ և այլն:
- Ֆրանսուհիները միշտ ձգտում են և ունենում են եկամտի աղբյուր
Շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, կանայք հավատում են հարուստ ամուսին ունենալու երազանքին: Շատերն ամուսնանում են, ապա թողնում աշխատանքը, երեխա ունենում և դառնում տնային տնտեսուհի մինչև երեխայի չափահաս դառնալը, իսկ հետո արդեն հարց է՝ աշխատում են, թե ոչ: Իսկ Ֆրանսուհիները կարծում են, որ կինը պետք է ունենա եկամտի սեփական աղբյուրը ու եթե անգամ չկարողանա օգնել ամուսնուն՝ հոգալու կենցաղային հարցերը, կարող է հոգալ իր անձնական կարիքները:
- Չի կարելի ամբողջապես նվիրվել երեխային` զոհելով ինքներդ Ձեզ
Մայրական սերն ամենամաքուրն է: Մայրիկներն ամեն ինչ անում են երեխաների համար` զոհելով իրենց կյանքը: Ֆրանսուհիները կարծում են, որ երեխային պետք է սիրել, օգնել, նվիրվել, սակայն ոչ սեփական կյանքի ու ցանկությունների հաշվին: Իհարկե, մենք` հայ մայրերս, չենք հասկանա ֆրանսուհիներին:
- Երբեմն երեխայից հեռու լինելով` Դուք կլինեք լավ մայր
Երբ երեխան սովորում է, որ մայրիկը մշտապես իր կողքին է, սկսում է կախում ունենալ նրանից և չի սովորում ինքնուրույնություն: Նրա նկատմամբ մայրիկը միշտ ուշադիր է, ամեն ինչ անում է նրա փոխարեն, այս դեպքում երեխան չի նկատում շրջապատի մարդկանց, որովհետև մշտապես ինքն է ուշադրության կենտրոնում: Ֆրանսուհիները կարծում են, որ երբեմն-երբեմն կարելի է փոքրիկից հեռու լինել:
- Մի ունեցեք մեղքի զգացում
Երեխայի նկատմամբ Դուք մեղք չեք գործում, երբ աշխատում եք: Դուք ունեք աշխատելու իրավունք, սեփական կյանք ունենալու իրավունք, ինչպես և երեխան: Բոլոր դեպքերում մայրիկն իր ժամանակի մեծ մասը նվիրում է փոքրիկին: Ձեզ մեղավոր մի զգացեք, փոխարենը ազատ ժամանակն անցկացրեք փոքրիկի հետ:
Շարունակելի:
Աղբյուրը` vospitaj.com