Մարդը սովորում է իր իսկ սխալների վրա: Սակայն սխալներից հնարավորինս խուսափելու համար հարկավոր է նախապես տեղյակ լինել սպասվող իրավիճակին:
Երբեք ձեզ մեղավոր մի զգացեք առաջնեկի հանդեպ. դուք ունեք երկու երեխա և երկուսին էլ հավասարապես սիրում եք: Հաճախ նրանց երկուսինէլ ասացեք այդ մասին` անկախ տարիքից, գրկեք նրանց, գուրգուրեք:
Նորածին երկորդ երեխային խնամելիս առաջնեկին մի հանձնեք ուրիշի մոտ խնամակալության: Ավելի լավ է հարազատներին խնդրեք, որ տան գործերով զբաղվեն, իսկ դուք ամբողջությամբ նվիրվեք ձեր երկու երեխաներին:
Ամենակոպիտ սխալն այն է, երբ ծնողները սկսում են համեմատել իրենց երեխաներին, կամ փորձում են միջոցներ ձեռնարկել` կանխելու վարքի այն անցանկալի դրսևորումները, որ ունի առաջնեկը: Հիշեք, որ ամեն երեխա անհատականություն է և պահանջում է առանձնահատուկ մոտեցում:
Սովորաբար առաջնեկը ուզում է հոգ տանել նորածնի մասին, գրկել նրան: Հարկավոր չէ բարկանալ դրա համար կամ արգելել: Պարզապես երեխային բացատրեք, թե ինչպես է պետք վարվել նորածնի հետ: Երեխային դարձրեք ձեր օգնականը, թող նա, օրինակ, օգնի ձեզ նորածնին կերակրելիս կամ քնեցնելիս:
Զուսպ եղեք, երբեք մի բարկացեք մի երեխայի վրա մյուսի ներկայությամբ: Նրանց մի տարբերակեք. դա կարող է հետագա վեճերի ու տարաձայնությունների պատճառ դառնալ:
Եթե ձեր երեխաները տարբեր սեռի են, ապա նրանց միջև տարբերակում դնել պետք չէ: Շատ ընտանիքներում տղաներին ավելի շատ են «երես տալիս», ավելի շատ արտոնություններ տալիս: Երեխան մնում է երեխա անկախ սեռից և երկուսին էլ պետք է հավասարապես սիրել ու տալ նույն արտոնությունները:
Հաճախ ծնողները չեն կողմնորոշվում` միջամտել արդյոք երեխաների վեճերին: Դա կախված է իրավիճակից: Միջամտելու դեպքում ծնողը պետք է երկուսին էլ արտահայտվելու հնարավորություն տա և համբերատար բացատրի, թե ով ինչպես պետք է վարվի և ինչու:
Կօգնի խաղը
Երբեմն տհաճ իրավիճակներից կարելի է ելք գտնել հոգեբանական մոտեցման, խաղերի միջոցով: Օրինակ, երբ ավագ երեխան կամակորություն է անում, ծանր է տանում նոր երեխայի ծնունդը, նրան կարող եք առաջարկել, որ նորածնի դեր տանի, նրան շշից կերակրեք, մերսեք, հեքիաթ պատմեք:
Փոքրիկի հետ հիշեք դրվագներ նրա մանկությունից, ցույց տվեք նրան իր լուսանկարները: Նման քայլերի նպատակն այն է, որ երեխան այդպիսով կհասկանա, որ իրեն սիրում եք` այնքան, ինչքան նորածնին:
Այս թեմայով կարող եք կարդալ նաև`
Մայրիկը մեկն է, իսկ երեխաները երկուսը... ինչպես վարվել
Նյութն ըստ supermams.ru կայքի