Երեխան փակված է իր մեր մեջ կամ չի կարողանում կենտրոնանալ տնային աշխատանքների վրա. սրանք ազդակներ են, որոնք չի կարելի անտեսել: Երբեմն դրանք կարող են շատ լուրջ խնդիրների մասին վկայել:
Ահա մի քանի ազդակ, որոնք չի կարելի արհամարհել.
- Տրամադրության փոփոխություն
Մանկական քմահաճույքները միանգամայն նորմալ են, փոքրիկներն օր օրի փոխվում են: Բայց եթե երեխան անընդհատ վատ տրամադրության մեջ է, անհանգիստ է, վախեցած է ինչ-որ բանից, պետք է անհանգստանալ: Երբեմն խնդիրը դպրոցական ծանրաբեռնվածության մեջ է: Երեխայի հետ շատ զրուցեք, հասկացեք պատճառներն ու փնտրեք լուծումներ:
- Քնի խանգարում
Քնի խանգարումը երբեմն նորմալ է՝ կապված ֆիզիկական ակտիվության, ծանրաբեռնվածության, ինչպես նաև անցումային տարիքի հետ: Սակայն ինչպես նախորդ դեպքում, այս դեպքում էլ քնի պարբերաբար խանգարումները անհանգստանալու առիթ են:
- Կենտրոնանալու անկարողություն
Տարրական դասարանների երեխաներից դպրոցում կատարյալ կենտրոնացվածություն պահանջելն անհեթեթություն է: Բայց երբ երեխան տանն էլ չի կարողանում կենտրոնանալ, պետք է անհանգստանալ: Բղավոցներն ու պատիժներն այստեղ անզոր են:
- Ախորժակի բացակայություն
Քաշի կտրուկ աճն ու նվազումը լուրջ խնդիրների մասին կարող են վկայել: Այս դեպքում պետք է անցնել հետազոտություն և հասկանալ պատճառները:
- Ինքնավնասման ցանկություն
Ինքն իրեն ապտակելը, ցավեցնելը, եղունգները, շրթունքները կրծելը, նույնիսկ ինքնաբերաբար միզարձակումները պետք է ծնողին անհանգստանալու տեղիք տան: Անհրաժեշտ է հասկանալ պատճառները, որոնք երեխայի մոտ այս երևույթներն են առաջացրել: Այստեղ ծնողին և երեխային կօգնի հոգեբանը:
Ի՞նչ անել
- Բաց և ընկերաբար խոսեք երեխայի հետ, ձևավորեք վստահության մթնոլորտ: Մի զայրացեք և մի պատժեք երեխային, այլ բացատրեք:
- Խնդիրների միասնական լուծումներ որոնեք, որոնք և՛ Ձեր, և՛ երեխայի սրտով կլինեն:
- Արեք այն, ինչ պայմանավորվել եք երեխայի հետ:
- Եթե Ձեր ջանքերից հետո իրավիճակը դրական ելք չի ունենում, դիմեք մասնագետի:
Աղբյուրը՝ vospitaj.com