Որքանով է ճիշտ բավարարել երեխայի ցանկությունները

Գալիս է մի տարիք,երբ երեխան դառնում է չափազանց պահանջկոտ: Ինչպես վարվի ծնողը... բավարարի՞ նրա քմահաճույքները, թե՞ ոչ: Այս հարցի պատասխանը «Իմ փոքրիկը» փորձեց ստանալ  հոգեբան Իրինա Բաղդասարյանից:

Հոգեբանը նշում է, որ եթե երեխան ուզում է, օրինակ,  մայրիկի հեռախոսը,  մերժել պետք չէ, թող երեխան փորձի, նայի, շոշափի: Միայն թե պետք է խնդրել,որ խնամքով վերաբերվի:

«Կարևոր է ի սկզբանե երեխայի հետ ձևավորել ճիշտ կապ,վստահություն... չէ որ նա առաձին անհատ է: Սակայն, երբ զգում եք, որ երեխան ուղղակի պահանջներ է ներկայացնում, հարկավոր է հետևողական լինել, հասկանալ`  ինչու է նա համառորեն պահանջում հենց դա,- ասում է Բաղդասարյանը:- Չեմ կարծում թե որևէ բան պետք է արգելել երեխային, ուղղակի հարկավոր է ճիշտ դաստիարակել, որի արդյունքում ,եթե նա վերցնի որևէ իր, չի փորձի այն ջարդել»:

 

Բաղդասարյանն ասում է, որ բոլոր կամակորությունների հիմքը տանն է դրվում. երեխան հանկարծ խանութում չի որոշում  որևէ բան ստիպել ծնողին: Եվ եթե ծնողը  տանը ծեծելով երեխային ինչ-որ բան է արգելում, ապա նույնը կանի  նաև դրսում:

Նման իրավիճակներից խուսափելու համար հարկավոր է տանը  ստեղծել այնպիսի մթնոլորտ, որը կօգնի ծնողին հասկանալ, թե ինչ և ինչու է ուզում իր երեխան. «Եթե  շարունակ արգելես երեխային անել այս կամ այն բանը, ապա դա նրա մոտ կառաջացնի հակառակն անելու ցանկություն. եթե դու այսպես ես ուզում,ապա ես էլ այնպես եմ ուզում:Այդ պատճառով պետք է փորձել փոխզիջման գնալ, օրինակ` հիմա մենք չենք կարող դուրս գալ փողոց,  արի մի փոքր ուշ դա անենք, երբ ես ժամանակ կունենամ,լա՞վ»:

Երեխան ամեն ինչ ավելի հեշտ կընկալի, եթե վերածեք խաղի:Պետք է այնպես անել, որ  երեխան  ծնողին ընկալի որպես իր ընկեր, ոչ թե որպես  թշնամի: