Մինչև 3 տարեկանների վարքային խնդիրները և դրանց հաղթահարումը. բաժանման տագնապ

Արդեն վեց ամսականում փոքրիկն իր մորը գերադասում է բոլորից: Սա, իհարկե, հաճելի է մայրիկների համար, քանի դեռ երեխայի անհուն սիրո դրսևորումը չի վերածվել կապանքների, երբ փոքրիկը չի թողնում նույնիս, որ մայրիկն առանց իրեն զուգարան գնա:

Բաժանման տագնապը զարգացման փուլ է, որով կյանքի առաջին տարիներին անցնում են գրեթե բոլոր երեխաները: Երեխայի նման վարքագիծը նորմալ է և օրինաչափ:

  • Բաժանման հետ կապված զգացմունքների հաղթահարումը մի գործընթաց է, որը շարունակվում է ամբողջ կյանքի ընթացքում:
  • Բաժանումը կարող է լինել տխուր և ցավալի և սովորաբար երեխայի մոտ բարկության կամ վախի զգացում է առաջացնում:
  • Ցանկացած փոփոխություն /ընտանիքում նոր երեխայի ծնունդ, բնակարանի տեղափոխություն, հիվանդություն, մանկապարտեզ հաճախելը և այլն/ երեխայի մոտ բաժանման տագնապ է առաջացնում:
  • Նույնիսկ քնելը երեխայի համար բաժանման իմաստ ունի:

Երեխայի աճին զուգահեռ բաժանման տագնապը նվազելու միտում ունի: Այդ տեսանկյունից ամենադժվար տարիքը 1,5-2,5

տարեկան հասակն է, որից հետո սովորաբար իրավիճակը բարելավվում է:

 

Այնուամենայնիվ, կան որոշակի հնարամիտ քայլեր, որոնք կարող են մեղմել բաժանման պահի նկատմամբ երեխայի պատասխան արձագանքը:

Գնալիս ձեռքով արեք, ցտեսություն ասեք

Նման վարմունքը կարող է օգնել մեղմելու երեխայի բաժանման տագնապը: Սովորաբար ծնողները նախընտրում են աննկատ հեռանալ այն պահին, երբ փոքրիկը ինչ-ո-ր բանով է զբաղված: Նման քայլերով երեխայի տագնապը միայն ուժգնանում է. երբ երեխան համոզվի, որ ծնողը ցանկացած պահի առանց զգուշացման կարող է իրեն մենակ թողնել, ոչ մի րոպեով նրան իր տեսադաշտից դուրս  չի թողնի: Բաժանումից առաջ երեխային հրաժեշտ տալը շատ կարևոր է:

Հանգիստ վերաբերվեք Ձեր գնալուն

Բաժանումը տագնապով են ընդունում նաև ծնողները, նրանք էլ են հուզվում, մինչդեռ պետք է հանգիստ ու բարեհամբույր լինել: Նույնիսկ եթե երեխան հիստերիայի պահեր է ապրում, ծնողը պետք է փերձի ժպիտով, հանգիստ ու հանդարտ խոսել նրա հետ, հանգստացնել նրան` ասելով, որ ինքը շուտով կվերադառնա:

Պլանավորեք հերթականությունը

Հրաժեշտ տալն անհամեմատ հեշտանում է, եթե առաջինը երեխան է դուրս գալիս: Փոքրիկին տանը թողնելու փոխարեն ավելի լավ է առաջարկել խնամողին կարճ զբոսանքի դուրս գալ նրա հետ:

Ներգրավեք երեխային գործունեության մեջ

Մինչև ծնողի դուրս գալը կարելի է հնարավորություն տալ  երեխային և խնամողին տարվել որևէ գործունեությամբ կամ խաղով: Երբ դուրս գալու ժամանակլը գա, արագ պետք է համբուրել երեխային և անմիջապես դռանը մոտենալ: Հավանաբար երեխան սկզբում մի փոքր լաց կլինի, բայց հետո նորից հեշտությամբ կտրվի իր ընդհատված խաղին:

 

Նյութում օգտագործվել են տեղեկություններ «Այնքա~ն ծանոթ և այնքա~ն անծանոթ… մեր երեխան» գրքից, Երևան, 2006թ.

Այս թեմայի մասին տես նաև` «Ցտեսություն, մայրիկ». սովորում ենք մայրիկին բաց թողնել