Անուշաբույր նարինջը ցիտրուսների խմբի վառ ներկայացուցիչ է և հարուստ է տարբեր քիմիական, կենսաբանական տարրերով, որոնք պայմանավորում են նրա օգտակարությունն ու սննդային արժեքը։
Նարնջի բաղադրության մեջ, նախ, մտնում են բջջանյութն ու պեկտինը։ Դրանք կատարում են աղիները տոքսիններից մաքրելու և մարսողությունը բարելավելու, ախորժակը մեծացնելու գործառույթներ։ Նարնջի մեջ առկա են գլյուկոզա, ֆրուկտոզա, A, B ու C խմբի վիտամիններ, որոնց մեծ քանակը նպաստում է օրգանիզմի ընդհանուր լավ վիճակի պահպանմանը։ Ֆիտոնցիդներն ու կիտրոնաթթուն ամրացնում են իմունային համակարգը, կարգավորում ներքին օրգանների աշխատանքը։ Բաղադրիչ բիոտինը բարելավում է ածխաջրերի ու լիպիդային նյութափոխանակությունը, պահպանում է մազերի, եղունգների և մաշկի առողջ վիճակը։ Նարնջի հյութը կարողանում է կալցիումը պահել երեխայի օրգանիզմում, ինչն անհրաժեշտ է կմախքի ամրացման համար։
Փոքր երեխաների դեպքում նարինջը վտանգավոր է, քանի որ կարող է առաջ բերել ուժեղ ալերգիկ ռեակցիա։ Հնարավոր է, որ առաջ գան ցան, դեմքի, ձեռքերի ու որովայնի հատվածում մաշկի կարմրություն, մարսողության խանգարումներ։ Ալերգիան կարող է առաջանալ հատկապես այն դեպքում, երբ կան աուտոիմուն և ստամոքսաղիքային տրակտի հիվանդություններ, ժառանգական նախատրամադրվածության գործոն, մարսողական համակարգի զարգացման անբավարարություն: Նարնջում թթուների բարձր պարունակությունը բացասաբար է անդրադառնում խնդրահարույց աղեստամոքսային տրակտի վրա։ Նարինջ չի կարելի տալ այն երեխաներին, որոնք ունեն պեպտիկ խոց, պանկրեատիտ, գաստրիտ, շաքարային դիաբետ։
Եթե ծնողները վստահ չեն, թե երբ է թույլատրվում նարինջն առաջարկել երեխային, ապա անպայման պետք է խորհրդակցեն մասնագետի հետ։ Այնուամենայնիվ, չի կարելի երեխային նարինջ տալ 9 ամսականից շուտ։ Փոքրիկի մարսողական տրակտը պետք է դեռևս ուժեղանա ու ընտելանա նոր սննդին։ Բժիշկ Կոմարովսկին շեշտում է, որ անգամ 9-12 ամսականում փոքրիկին նարինջ տալն անվնաս չէ։ Ըստ նրա՝ կյանքի առաջին տարում երեխաներին ցիտրուսային մրգերը խորհուրդ չեն տրվում: Ըստ Կոմարովսկու՝ ավելի լավ է երեխային նարինջ առաջարկել, երբ նա առնվազն մեկուկես տարեկան լինի։ Եթե բալիկը նախկինում ունեցել է ալերգիային բնորոշ որևէ ախտանիշ, ապա հարկավոր է նարինջը փորձելու պահն ամբողջությամբ հետաձգել մինչև 3 տարեկանը։ Աղիքային միկրոֆլորայի վերջնական ձևավորումն ավարտվում է 3 տարեկանում, նվազում է կողմնակի ազդեցությունների առաջացման վտանգը։ Պետք չէ վախենալ նարնջից, բայց, միևնույն ժամանակ, անհրաժեշտ է ուշադիր հետևել մարմնի արձագանքին։