Հայ Առաքելական Եկեղեցին քրիստոնեական աշխարհի հնագույն եկեղեցիներից է, որն ունի հարուստ հոգևոր ժառանգություն և վարդապետություն։
Այս եկեղեցու կարևոր հիմնասյուներից մեկն են յոթ սուրբ խորհուրդները, որոնք հանդիսանում են հավատացյալի հոգևոր կյանքի ուղենիշներ և Աստծո շնորհների փոխանցման միջոցներ։
1. Մկրտություն
Մկրտությունն առաջին խորհուրդն է, որի միջոցով մարդ մաքրվում է բնածին մեղքից և դառնում է Եկեղեցու անդամ։ Այն կատարվում է Սուրբ Երրորդության անունով՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու։ Մկրտված անձը դառնում է քրիստոնյա, բացվում է նրա հոգևոր կյանքը և սկսում է հաղորդակցվել Աստծու շնորհներին։
2. Դրոշմ
Մկրտությանը անմիջապես հաջորդում է Դրոշմը՝ Սուրբ Հոգու շնորհների փոխանցման խորհուրդը։ Այն կատարվում է սուրբ մյուռոնի միջոցով․ հոգևորականը մյուռոնով օծում է մկրտվողին և դրոշմում է նրա մարմնի ինը մասերը, որը խորհրդանշում է հավատացյալի հոգևոր զինումը և Սուրբ Հոգու ներգործության հաստատումը նրա կյանքում։
3. Ապաշխարություն
Ապաշխարությունն Աստծու առաջ անկեղծ զղջումն է՝ խոստովանելով մեղքերը։ Այս խորհուրդը տրվում է քահանայի միջնորդությամբ, ով Աստծու անունով թողություն է տալիս զղջացողին։ Այն կարևոր դեր ունի քրիստոնյայի հոգևոր մաքրության և վերածննդի մեջ։
4. Հաղորդություն
Սուրբ Հաղորդությունն ամենակարևոր խորհուրդներից է, երբ հավատացյալը ստանում է Քրիստոսի Մարմինը և Արյունը՝ հացի ու գինու տեսքով։ Այս խորհուրդը կատարվում է Պատարագի ընթացքում և միավորում է հավատացյալներին Քրիստոսի հետ, ինչպես նաև մաքրում է մեղքերից և զորացնում հոգևորապես։
6. Ձեռնադրություն
Ձեռնադրությունը կամավոր խորհուրդ է։ Այս խորհրդի միջոցով ձեռնադրվողը դառնում է հոգևորական , ստանում է հոգևոր աստիճան և իրավունք՝ կատարելու եկեղեցական խորհուրդները։
7. Պսակ
Պսակի խորհուրդը սրբացնում է տղամարդու և կնոջ միությունը Աստծու առջև։ Զույգը, կատարելով պսակի արարողությունը եկեղեցում, աստվածային օրհնություն է ստանում իր նորաստեղծ ընտանիքի համար։ Պսակի խորհրդի միջոցով հայոց եկեղեցին շեշտում է ընտանիքի ամրության և կայունության կարևորությունը։
7. Կարգ հիվանդաց
Այս խորհուրդը կատարվում է միայն հիվանդների համար՝ նրանց մխիթարության, բժշկության և հոգևոր զորացման նպատակով։ Հոգևորականը հատուկ աղոթք է կարդում հիվանդի համար։ Քահանան օծում է հիվանդին սուրբ յուղով և աղոթում նրա ապաքինման համար՝ հույս դնելով Աստծու կամքի վրա։
Հայ Առաքելական Եկեղեցու յոթ խորհուրդները ոչ միայն կրոնական ծեսեր են, այլև հավատացյալի հոգևոր կյանքի անբաժան մասն են։ Դրանք օգնում են մարդուն հոգևոր աճի, մեղքից մաքրության և Աստծու հետ միության ճանապարհին։ Այս խորհուրդների միջոցով հավատացյալն ապրում է լիարժեք քրիստոնեական կյանք՝ ներշնչված սիրով, հավատով և հույսով։