Ի՞նչ անել, երբ երեխաները տանը վիճում են միմյանց հետ

Ներկայացնում է կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ Էմմա Արզիևան:

Երբ տանը կան մեկից ավելի երեխաներ, միանգամայն բնական է, որ այդ տնից մերընթմերդ լսվեն ձայներ, ինչը նշանակում է, որ երեխաները  կա՛մ խաղալիքը չեն կիսել, կա՛մ հագուստը, կա՛մ խաղի մեջ լիդերությունը, կա՛մ պարզապես վիճելու տրամադրություն ունեն: Երեխաների միջև ծագած վեճերն ի զորու են վերածվել խնդրի միայն երկու հիմնական դեպքերում՝ մրցակցության առկայության և խանդի: Մրցակցությունը սովորաբար իրականացվում է ծնողի աչքին առավել լավը երևալու նպատակով: Եթե մայրիկն ու հայրիկը սկսեն համեմատել փոքրիկներին, ապա դրանով արդեն իսկ պարարտ հող կնախապատրաստեն մոլեռանդ մրցակցության համար: Նույնիսկ եթե արվող համեմատությունը երեխան պատահաբար լսի, օրինակ՝ մայրիկը դա քննարկելիս լինի  ընկերուհու հետ` «Լիլիթիս հետ հեշտ է, նա լսող է ու ժամերով ձայն չի հանում, իսկ Հասմիկին մինչև համոզում ենք  ատամները լվանալ, օրն անցնում է»:

Երկրորդը` խանդը, զարգանում է այն պարագայում, երբ մայրիկն ընդգծված կերպով շատ ժամանակ է անցկացնում բալիկներից մեկի հետ` ինչ-ինչ պատճառներից ելնելով: Երեխան զգում է սա, եթե անգամ չի խոսում այդ մասին: Երբ ծնողը տանն իրոք ունի «սիրելի, ընտրյալ երեխա», ում հետ ավելի մեղմ է, քան մյուսի, ում փոքրիկ «հանցանքները» կարող են առաջացնել ժպիտ, իսկ մյուսի դեպքում` բարկություն, վստահաբար խանդի պտուղները չեն ուշանա:

Վերոնշյալ իրավիճակներում կոնֆլիկտը կարող է հետզհետե խորանալ ու անդրադառնալ բալիկների հարաբերությունների վրա` ծնելով թշնամանք, ագրեսիա և ատելություն: Ուրեմն ինչպիսի՞ լուծում փնտրել, ինչպե՞ս շրջանցել նմանատիպ հետևանքները: Յուրաքանչյուր երեխա պետք է ընդամենը զգա, որ իրեն առանձնահատուկ են սիրում, առանց նախապայմանների, նույնիսկ  երբ նա որևէ վատ արարք է կատարել: Եվ կապ չունի՝ երեխան փոքրն է, թե մեծը, քիչ է հասկանում, թե շատ: Ծնողները, թերևս, կարծում են՝ հնարավոր չէ երկուսին էլ հավասար վերաբերմունք ցուցաբերել, ի վերջո, երկրորդը բավականին մեծ է, հասուն ու պետք է, որ պատասխանատվություն ունենա: Ո՛չ, պատասխանատվության զգացումը չպետք է հարաբերակցվի սիրված ու ընդունված լինելու զգացման հետ: Հարկավոր է գործել այնպես, որ երեխան կրի իր արարքի հետևանքները, բայց դրա հետ մեկտեղ ծնողները շարունակեն լինել նրա կողքին՝ չստանձնելով դատավորի դեր: