Ինչպե՞ս ճիշտ պատժել երեխային, որ չխաթարենք նրա հոգեկան աշխարհը և տարիքային բնականոն զարգացումը:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի Խաղաթերապիայի կաբինետի պատասխանատու, մանկավարժ-հոգեբան Ռուզաննա Շավրեշյանի խոսքով՝ յուրաքանչյուր ծնող իրավունք ունի իր երեխային դաստիարակել, պատժել այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Սակայն, դրա հետ մեկտեղ, պետք է հիշել, որ յուրաքանչյուր մարդ լույս աշխարհ է գալիս՝ ձևավորվելու, զարգանալու, իր հետքը թողնելու համար:
Ամեն անգամ երեխայի վրա ձեռք բարձրացնելիս, երեխային միայնակ թողնելիս, բղավելիս մի պահ մտածեք՝ ինչո՞ւ եք դա անում: Պատճառները կարող են լինել բազմաթիվ, սակայն պատիժ կիրառելիս երբևէ մի կորցրեք օբյեկտիվությունը և ճշմարտացիությունը: Ծնող լինելը ոչ միայն ուրախություն է, այլև քրտնաջան աշխատանք: Եվ իրականացնելով այդ ծանր աշխատանքը՝ շատ ծնողներ մեկ անգամ չէ, որ հայտնվում են փակուղու առջև, կասկածներ զգալով՝ արդյոք ճիշտ են անում, թե ոչ, փորձում են գտնել դաստիարակության ճիշտ մեթոդը:
Խրախուսանքը և պատիժը համարվում են դաստիարակության ամենակարևոր մեթոդներից: Ստորև ներկայացնում ենք կանոններ՝ դրանք ճիշտ օգտագործելու և առավելագույն արդյունք ստանալու համար:
- Պատիժը չպետք է վնասի երեխայի հոգեբանական և ֆիզիկական առողջությանը,
• Եթե կասկածում եք պատժել, թե ոչ, միանշանակ մի´ պատժեք,
• Երեխան չպետք է խուճապի ենթարկվի, երբ հասկանում է, որ պատժվելու է: Դա վկայում է, որ երեխայի հանդեպ հաճախակի է դաժան վերաբերմունքն ցուցաբերվում,
• Մի´ վիրավորեք և ցածրացրեք երեխային, Ձեր կարգավիճակը և ուժը մի օգտագործեք նրան նսեմացնելու համար: Եթե երեխան չի ընդունում իր արարքի վատ լինելը, ապա նա պատիժը կհամարի անարդարացի:
Երբեք մի´ պատժեք
- ուտելիքից զրկելով
• հարվածելով
• անթույլատրելի բառերով վիրավորելով
• անկյուն կանգնեցնելով
• ստորացնելով հասարակական վայրերում
• գոռալով
Շատ հաճախ պատիժը չի ուղղում երեխայի վարքը, այլ միայն արտաքին փոփոխության է բերում, այսինքն՝ սրա արդյունքում հնարավոր է՝ առաջանա ծնողի հանդեպ թշնամանք, երեխան վախենում է կորցնել նրա սերը և դառնում է կամազուրկ, ցուցադրում իրենից սպասվող վարք:
Պատիժը կարող է փոխարինվել այլ միջոցառումներով`
- Զինվեք համբերությամբ. սա ամենամեծ օգնականն է ծնողի համար
• Բացատրություն. պետք է հակիրճ բացատրել թե ինչու է իր արաքը սխալ
• Սովորեցրեք երեխային գնահատել իր վարքը. սա ինքնավերահսկողության, ինքնորոշման և ինքնաքննադատման հասնելու ճիշտ ճանապարհն է
• Զրկեք երեխային իր սիրելի խաղալիքից կամ զբաղմունքից
• Երեկոյան, բայց ոչ քնելուց առաջ, զրուցեք, քննարկեք երեխայի այդ օրվա արարքը
• Տանը ստեղծեք «չմտածված արարքների անկյուն», որտեղ երեխան կնստի/այլ ոչ թե կկանգնի/ և կմտորի իր արաքի մասին:
Այսպիսով, ցանկացած պատժից առաջ բացատրեք երեխային թե ինչու է նա պատժվում, ապա գրկեք և ցուց տվեք, որ անկախ ամեն ինչից նա սիրված է:
Աղբյուրը՝ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի ֆեյսբուքյան էջ