Խանդի դասական դրսևորում է, երբ ավագ երեխան մեծահասակներից գաղտնի վնասում է անպաշտպան նորածնին` կսմթում է, մազերից քաշում, կոտրում կամ թաքցնում է նրա խաղալիքները:
Սակայն ոչ բոլոր երեխաներն են իրենց խանդն այսպես արտահայտում: Երբեմն այդ վիրավորանքը դրսևորովում է արտաքուստ անպատճառ վատ պահվածքով, կապրիզներով, անգամ հիվանդություններով: Այսպես առաջնեկը հասկացնում է, որ մայրական սիրո պակաս ունի, փորձում է վերադարձնել ծնողների ուշադրությունը դեպի իրեն:
Ինչպե՞ս օգնել երեխաներին միասին համերաշխ ապրել
Նախ և առաջ մասնագետները խորհուրդ են տալիս երեխային չտրամադրել այն մտքին, թե կրտսեր երեխան անմիջապես կդառնա նրա խաղընկերը, որպեսզի երեխան չհիասթափվի: Ընդհակառակը, նորածինը սկզբնական շրջանում առաջնեկից կխլի մայրական ուշադրության և ժամանակի մի զգալի մասը: Միևնույն ժամանակ ավագ երեխան ոչ մի դեպքում չպետք է անտեսված լինի: Հարկավոր է հնարավորինս պահպանել փոքրիկի օրվա նախկին ռեժիմը: Ցանկացած կտրուկ փոփոխություն, հատկապես նորածնի լույս աշխարհ գալուց հետո սկզբնական շրջանում, անցանկալի է: Շատ կարևոր է, որ մայրիկը ժամանակ գտնի ավագ երեխայի հետ խաղալու համար, զբոսնի նրա հետ և անի այն ամենը, ինչ նախկինում միասին անում էին: Եթե հնարավոր է, խնդրեք հարազատներին օգնել կրտսերին խնամելու գործում, որպեսզի առաջնեկին աչքաթող չանեք, մինչև նա աստիճանաբար կհարմարվի քրոջ կամ եղբոր գոյությանը և խանդ չզգա: Երբեմն ավագ երեխան կարող է իրեն նորածնի պես պահել` խնդրի, որ բարուրեք իրեն, ծծակ կամ կուրծք տաք իրեն: Նման պարագայում մի մերժեք երեխային, խաղացեք միասին, այդպես ավելի հեշտ կհանգստանա:
Ինչպե՞ս կիսել խաղալիքները երեխաների միջև
Այս ոլորտը պետք է կարգավորվի հստակ օրենքներով: Խաղալիքների մի մասը պետք է լինի ընդհանուր, իսկ որոշ խաղալիքներ` ամեն երեխայի անձնականը: Երեխան պետք է իմանա, որ եթե ուզում է ինչ-որ խաղալիք խնդրել մյուսից, պետք է փոխարենը այլ խաղալիք տա: Եթե երեխաները վիճում են նույն խաղալիքի համար, մայրիկը այդ խաղալիքը պետք է վերցնի ու երկուսի համար անհասանելի տեղում պահի` բացատրելով, որ խաղալիքը կվերադարձնի միայն այն դեպքում, երբ նրանք հաշտվեն և սովորեն հերթով խաղալ: Կարևոր է երեխաներին գովելը, երբ զիջում են միմյանց: Իսկ եթե կրտսերը շատ փոքր է ու «շնորհակալություն» ասել չի կարող, մայրիկը պետք է նրա անունից շնորհակալություն հայտնի ավագին:
Կարելի՞ է արդյոք խուսափել մանկական խանդից
Ուշադիր ու հոգատար ծնողները կարողանում են նվազագույնի հասցնել, բայց ոչ երբեք բացառել մանկական խանդը: Նորմալ երեխան պետք է անցնի խանդի այդ փորձությունը, քրոջ կամ եղբոր հետ մրցակցության այդ ծանր պահը ապրի: Միայն ծնողներից է կախված` կսովորի արդյոք երեխան հաղթահարել իր զգացմունքներն առանց լուրջ հոգեկան խնդիրների:
Ինչպե՞ս բացատրել ավագին, որ իրեն սիրում են, ինչպես և կրտսերին
Քանի որ երեխաները զգայուն են ժեստերի լեզվի հանդեպ, ցանկալի է ավելի շատ ուշադրություն դարձնել շփման այս կողմին: Ծնողները պետք է հնարավորինս հաճախ գրկեն իրենց առաջնեկին, շոյեն, համբուրեն: Արդյունավետ է երկու երեխաներին միաժամանակ մերսելը կամ ցերեկը միասին պառկեցնել քնելու: Ավագին կրտսերի հետ կապում է հոգածությունը, նորածնի կյանքում ունեցած դերակատարությունը, մայրիկին ցուցաբերած ակտիվ օգնությունը: Մայրիկը երբեք չպետք է մոռանա ընդգծել առաջնկի վաստակը և գովել նրան: Նորածնի համար ինչ-որ բան գնելիս ծնողները չպետք է մոռանան ավագի մասին: Եվ մի շատ կարևոր հանգամանք` ավագի վրա ոչ մի դեպքում չի կարելի բարկանալ կրտսերի ներկայությամբ, անգամ եթե խանդի հարցը սուր չի զգացվում:
Պե՞տք է արդյոք երեխան ճնշի խանդի զգացումը
Մասնագետների կարծիքով կարևոր է, որ երեխաներն իրենց զայրույթը, խանդը և ագրեսիան դրսևորելու հնարավորություն ունենան: Եթե երեխային նման հնարավորություն ընձեռվի, նա նորմալ կհաղթահարի խանդի փուլը: Այլապես խանդը և վիրավորանքը կարմատավորվի երեխայի հոգում, մինչդեռ իրական պատճառը կմոռացվի:
Նյութն ըստ mama.ru կայքի
Այս թեմայով կարող եք կարդալ նաև`