«Եթե մեծահասակի կողմից «լավ» ծնող լինելը համարվում է փոքրիկի ցանկություններն անխտիր կատարելը, ապա ժամանակին զուգընթաց երեխայի մոտ կարող է ակնառու դառնալ չբավարարվածության զգացումը»,- նկատում է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Լուսինե Գրիգորյանը:
Կան սխալներ, որոնցից անհրաժեշտ է խուսափել երեխային դաստիարակելիս: Փոքրիկը տանն ակնարկում է՝ ուզում է տվյալ հագուստը կամ խաղալիքը, իսկ հայրիկն ու մայրիկը պատրաստ են անել ամեն ինչ: «Ծնողների նման մոտեցումը շատ հաճախ իրենց մանկության կիսատ մնացած երազանքների և չբավարարված պահանջմունքների արդյունքն է, որը փորձում են լրացնել երեխայի միջոցով: Արդյունքում՝ դրսևորում է ոչ ճիշտ մոտեցում։ Փոքրիկները սովոր չեն լինում լսել հիմնավորված «ոչ» բառը, մեծանում է պահանջախնդիր անձնավորություն դառնալու հավանականությունը»,- ասում է հոգեբանը և շեշտում՝ երեխայի պահանջները պետք է ի կատար ածվեն ըստ անհրաժեշտության:
Նա ուշադրություն է հրավիրում ծնողների՝ «ամեն ինչ տալուց մինչև ամենից զրկել» ծայրահեղ մոտեցման վրա: Ծնողները կարող են երեխաների համար շատ իրեր գնել, իսկ պատժելու դեպքում զրկել դրանցից: Լուսինե Գրիգորյանի խոսքով՝ այդ պարագայում հարկավոր է պատրաստ լինել բալիկի ագրեսիային, որը հակազդում է ծնողի փոփոխական մոտեցմանը։ Հոգեբանը հավելում է՝ եթե ուզում եք, որ երեխան գնահատի ունեցածը, շնորհակալ լինի և անընդհատ ավելին չպահանջի, պետք է պարզապես լինեք սկզբունքային՝ փոքրիկի մոտ ճիշտ արժեքներ ձևավորելու համար։
Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան