Տագնապ բառը վաղ է ծագել` ցույց տալու համար անորոշ լարվածության և անհանգստության զգացում: Դրանից հետո ծագել է նաև տագնապայնություն բառը, որը բնորոշում է անձնային որակը կամ մարդուն, որն առավել հակված է տագնապի:
Տագնապի պահին մենք զգում ենք արագ սրտխփոց, մակերեսային շնչառություն, բերանի չորություն, կոկորդում կծիկի զգացողություն ենք ունենում, ոտքերում թուլություն և այլն:
Ոչ միշտ է տագնապը բացասական երևույթ: Երբեմն տագնապի զգացումն է ստիպում մարդուն մոբիլիզացնել ուժերը:
Առանձին, սակայն, հաճախակի կրկնվող տագնապի զգացումները կարող են վերաճել կայուն վիճակի` անձնային որակի` տագնապայնության:
Տագնապայնության առաջացման վրա ազդող սոցիալական գործոնների մեջ մասնագետներն առանձնացնում են` ծնողների դժգոհությունը սեփական կյանքից, սեփական աշխատավարձից, անբավարարվածությունը կյանքի պայմաններից և այլն:
Երեխայի մոտ առավել հաճախ տագնապայնություն զարգանում է, եթե նա ներքին կոնֆլիկտի կամ առհասարակ կոնֆլիկտի իրավիճակում է լինում: Տագնապայնությունը խթանվում է.
- երեխայի հանդեպ բացասական պահանջներով, որոնք կարող են ստորացուցիչ լինել կամ նրան կախյալ վիճակի մեջ դնել: Որպես բացասական պահանջի օրինակ կարող է լինել ամեն ինչում ծնողներից թույլտվություն ստանալու պահանջը: Երեխան պիտի որոշակի սահմաններում ազատ լինի և ինքնուրույնություն ունենա: Բացասական պահանջ է, երբ ծնողները ստիպում են մեծ երեխային պատասխանատվություն կրել փոքրի արարքների համար կամ հսկել փոքրի վարքը և այլն:
- անհամապատասխան, ավելի հաճախ` չափից մեծ պահանջներով: Սրանք այն դեպքերն են, երբ ծնողները պահանջում են երեխայից միշտ գերազանց գնահատականներ ստանալ դպրոցում, միշտ կոկիկ պահել սենյակը, միշտ խոսել ցածր ձայնով, այսինքն` անթերի լինել: Ինչպես կռահում եք, նմանօրինակ պահանջները կատարել մշտապես ուղղակի անհնար է, բոլորի սենյակն էլ մի օր կարող է թափթփված լինել, և դրանից ոչ մի սարսափելի բան չի կատարվի:
- հակասական պահանջներով, որոնք երեխայի առաջ դրվում են դպրոցի կամ ծնողների կողմից: Ծնողները կարող են երեխայից պահանջել միևնույն ժամանակ լինել և ենթարկվող, և հասուն: Կամ ավելի հաճախ պատահում է, որ ծնողները իրար հակասող պահանջներ են դնում երեխայի առջեւ` մայրը մի բան է ասում, հայրը` այլ, կամ տան մյուս անդամները` տատիկներն ու պապիկները, մեկ ուրիշ բան:
Առհասարակ ծնողների խստապահանջությունը, անկանոն, անկանխատեսելի վարքը հանդիսանում է տագնապայնության առաջացման գլխավոր պատճառներից մեկը: Այնպես որ, սիրելի ծնողներ, սկսեք երեխաների դաստիարակությունը ձեր անձից:
Հեղինակ` Անուշ Ալեքսանյան,
«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոն