Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ
Ստուգել փորկապությունը
Փորկապությունն ու միզարձակումը միմյանց հետ կապված են: Երբ ուղիղ աղիքը, որը գտնվում է միզապարկի ետեւում, լցված է լինում, սեղմում է միզապարկը: Այդ ճնշումն իր հերթին ազդում է միզարձակության վրա: Մասնագետներն առաջարկում են նման դեպքերում երեխային տալ խնձորի հյութ, միրգ ու բանջարեղեն: Այս մթերքն օգնում է աղեստամոքսային համակարգի լավ աշխատանքին:
Հատուկ դեղամիջոցներ
Դեղամիջոցների օգնությանը դիմելը նույնպես տարբերակ է: Բայց այն կարող է նաեւ նոր խնդիրներ առաջացնել, օրինակ՝ գլխացավ, դեմքի կարմրություն, սրտխառնոց, որոշ դեպքերում նույնիսկ ջրի ավելցուկ օրգանիզմում: Որոշ դեղամիջոցներ ախտանշանները վերահսկելու եւ ոչ թե գիշերային միզարձակումը բուժելու համար են: Դոկտոր Բենետտի դիտարկմամբ՝ պատահում է, որ դեղամիջոցը դադարեցնելուն պես երեխան շարունակում է գիշերը թրջել տակը: Խորհուրդ է տրվում խորհրդակցել երեխայի մանկաբույժի հետ:
Գնեք խոնավությանն արձագանքող ազդանշան
Այս ազդանշանը կարթնացնի երեխային ամեն անգամ, երբ նա թրջի տակը: Քնի խանգարումը կարող է ազդել ուղեղի վրա այնպես, որ այն սկսի վերահսկել միզարձակումը: 75 տոկոս դեպքերում այս մեթոդն օգնում է, եթե երեխան ինքը պատրաստ է չոր մնալուն:
Գնեք ջրադիմացկուն ներքնակ
Փոքրիկի անկողնուն հարկավոր է ջրադիմացկուն ներքնակ: Բացի այդ, կողքին միշտ դրեք չոր, մաքուր հագուստ, որպեսզի հենց տակը թրջի,արագ փոխեք: Երեխային մասնակից դարձրեք գիշերանոցն ու սավանը փոխելու գործին: Այդպես նա իրեն պատասխանատու կզգա եւ կհասկանա, որ ոչ թե խնդրի, այլ դրա լուծման մի մասնիկն է:
Կարեւոր է նաեւ, որ ամբողջ պրոցեսն անցնեք խաղաղ ու հանգիստ: Այս փուլը հավիտենական չէ: Գրեթե բոլոր դեպքերում երեխաները հաղթահարում են այն դրական ելքով: