Սեդան ու հեքիաթը

Սեդան շատ փոքրիկ էր` երեք տարեկան, և սիրում էր գլորվել: Գլորվում էր անգամ քնած ժամանակ, դրա համար էլ նրա մահճակալի մոտ աթոռներ էին շարում և վրան բարձեր դնում:

Մի գիշեր էլ, ինչպես միշտ, նա նորից գլորվեց, ընկավ փափուկ բարձերի վրա, բայց բարձերը նրան չպահեցին, և նա կրկին գլորվեց ու ընկավ… հեքիաթի մեջ: Այդպիսի զարմանալի բան նրա հետ դեռ չէր պատահել: Չորս կողմը ծաղրածուներ էին, երաժիշտներ, երեխաներ, և նրանցից ամեն մեկի ձեռքին մեծ-մեծ, գույնզգույն փուչիկներ կային: Սեդան խառնվեց երեխաներին և ինքն էլ անմիջապես մի մեծ կարմիր փուչիկ ստացավ: Բայց որովհետև նա հռչակավոր գլորվող էր, այս անգամ էլ, ա՜յ քեզ հրաշք, գլորվեց ու ընկավ փուչիկի մեջ: Եվ փուչիկի հետ թռավ երկինք:  

- Մի՛ վախեցիր, ես այստեղ եմ,- ասաց ինչ-որ մեկը:   

Սեդան շուրջը նայեց ու տեսավ, որ փուչիկի մեջ նստած էր մի փոքրիկ, շատ փոքրիկ աղջիկ` գեղեցիկ զգեստով, ոսկեգույն մազերով, կապույտ աչքերով: 

- Դու ո՞վ ես,- հարցրեց Սեդան: 

- Ես փուչիկի կախարդուհին եմ,- ասաց աղջիկը,- իմ քույրերից յուրաքանչյուրն ապրում է մի փուչիկի մեջ: Այդ մեր հրամանով են փուչիկները թռչում: 

- Ինչու՞,- հարցրեց Սեդան:   

- Որ երեխաներն ուրախանան:  

 - Իսկ մենք ու՞ր ենք գնում: 

- Դեպի ամպերը,- պատասխանեց փուչիկի կախարդուհին:  

Սեդան ուրախացավ, որովհետև երբեք ամպերում չէր եղել: Բայց հետո հիշեց իր տունը, մայրիկին ու հայրիկին, եղբորն ու տատիկին, իրենց բակը հիշեց, իր մահճակալը: Նա շատ ցանկացավ տուն վերադառնալ:  

- Ես ուզում եմ տուն գնալ,- ասաց նա:  

- Չէ՞ որ դու հռչակավոր գլորվող ես,- պատասխանեց փուչիկի կախարդուհին,- եթե այդքան շատ ես ուզում, խնդրեմ` գլորվիր: Իսկ ես պետք է դեպի ամպերը թռչեմ:   

Սեդան նորից ցած նայեց, սակայն վախեցավ, որովհետև իրենք արդեն շա՜տ-շատ բարձր էին թռչում, բայց որովհետև կարոտել էր իրենց տունը, աչքերը փակեց ու գլորվեց: Եվ հայտնվեց բարձերի վրա:  

- Ես այստեղ եմ, այստեղ,- ձայն տվեց նա մայրիկին, որն արթնացել ու նրան էր փնտրում:

 

 

Հեղինակ՝ Արմեն Մուրադյան